երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հույս ունենք, որ մեր լուման ներդնելով՝ օգտակար լինենք Հայաստանի դատաիրավական համակարգի բարելավմանը. Աշվանյան

Հույս ունենք, որ մեր լուման ներդնելով՝ օգտակար լինենք Հայաստանի դատաիրավական համակարգի բարելավմանը. Աշվանյան

Կալիֆորնիայի Գերագույն դատարանի քրեական հարցերով դատավոր, ԱՄՆ-ի Հայ փաստաբանների միության խորհրդի անդամ Արմենուհի Աշվանյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որպեսզի Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումներն ընթանան առավելագույն արդյունավետությամբ, մանավանդ որ երկուստեք համագործակցությունն արդեն իսկ ունի տարիների պատմություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աշվանյանը նշեց, որ 2008 թվականից ինքն անձամբ անմիջականորեն մասնակցել է համագործակցությանն առնչվող քննարկումներին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներգրավմամբ։ Ըստ նրա՝ վերջին տարիների ընթացքում նաև հայկական սփյուռքի գործուն ջանքերի շնորհիվ հայաստանյան դատաիրավական համակարգում գրանցվել են էական բարելավումներ։    

Աշվանյանը նույնպես մասնակցում էր Երևանում կայացած Հայ իրավաբանների համագումարին և անձամբ վարեց պանելային քննարկումներից մեկը։

«Բաց և անկեղծ քննարկման ընթացքում Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների միջոցով ամփոփ տեղեկատվություն ստացանք այն մասին, թե ինչպես են օրենքները ստեղծվում և կիրառվում ՀՀ-ում։ Ավելի շատ խոսվեց հակակոռուպցիոն բաղադրիչի մասին, որը մենք նույնպես կարևորում ենք։ Հուսով եմ, որ այս համագումարն առաջինն ու վերջինը չի լինի, քանզի աշխարհի ավելի քան 30 երկրներից այստեղ ժամանած մոտ 200 իրավաբանները, որպես շահագրգիռ կողմ, սպասում են, որ պատեհ առիթի դեպքում աջակցեն Հայաստանի կառավարությանը, դատաիրավական համակարգին, որպեսզի ՀՀ-ն դառնա իրավունքի, օրենքի գերակայության երկիր»,- ասաց Աշվանյանը։

Նրա կարծիքով՝ անշուշտ պետք է հստակեցնել, թե կոնկրետ ինչպիսի աջակցություն կարող են ցուցաբերել սփյուռքահայ իրավաբանները հայրենիքին։ Այդ հարցը հետաքրքրում է մասնավորապես ԱՄՆ-ի Հայ փաստաբանների միության անդամներին, ովքեր ուրախությամբ նշում են հատկապես Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ edraft ծրագրի գործարկման հանգամանքը, ինչը թույլ կտա արտասահմանից հետևել ու անմիջականորեն մասնակցել օրենսդրական նախագծերի հանրային քննարկումներին։

«Մեր ուշադրության կենտրոնում  է մասնավորապես Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությունը, որի բացմանն աջակցեց նաև Հայ փաստաբանների միությունը։ Կենտրոնի աշխատանքներին, անշուշտ, կարող են մասնակցել սփյուռքահայ իրավաբաններն իրենց փորձագիտական մոտեցումներով, մանավանդ, որ դատավորները Հայաստանի դատարաններում բավականին ծանրաբեռնված են։ Հույս ունենք, որ մեր լուման ներդնելով՝ օգտակար կլինենք Հայաստանի դատաիրավական համակարգի բարելավմանը, առավել ևս, որ այսօր խնդիրներ կան գրեթե բոլոր բնագավառներում»,-ասաց Աշվանյանը։  

«Հատկապես վերջին երեք-չորս տարիներին ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ երկրներից շատ ու շատ հայ իրավաբաններ միատեղում են իրենց ներուժը, աշխատում են առանց որևէ շահախնդրության ու նաև հասարակական հիմունքներով ձգտում են իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնել հայրենիքում առկա խնդիրների լուծման գործին»-եզրափակեց Կալիֆորնիայի Գերագույն դատարանի քրեական հարցերով դատավորը։

  • Կիսվել: