կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը. ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը. ՍԴ-ն հրապարակեց որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։

Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

«Դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննության առնելով 1998 հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը՝ որոշեց.

«1. 1998թ. հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում և 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը։

2.Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», - որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Նա հայտնեց, որ որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն ՍԴ անդամներ Թունյանը, Խունդկարյանը, Թովմասյանը։

  • Կիսվել: