ՀՔԾ-ն ստացել է ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված քաղաքացու դիմումը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ստացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի աշխատակից Կարեն Ղազարյանի դիմումը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից իր նկատմամբ իրականացված բռնության մասին: Այդ մասին PrimeNews–ին տեղեկացրեց ՀՔԾ լրատվական ծառայության ղեկավար Մարինա Օհանջանյանը:
«Հատուկ քննչական ծառայությունը ստացել է դիմումը, որին համապատասխան ընթացք կտրվի», -ասաց նա:
Ավելի վաղ PrimeNews–ի հետ զրույցում Ղազարյանի պաշտպանը հյատնել էր, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք Ղազարյանի նկատմամբ բռնության կիրառմամբ նրա «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով նրան, ինչպես նաև այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:
ՀՔԾ-ին ուղղված իր դիմումում քաղաքացի Ղազարյանը մասնավորապես, հայտնել էր. «Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանությունում իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել և տարել տվել ինչ որ անձի և ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին հրաժարվել է նման հայտարություն անելուց և գրելուց, այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք, իրեն հայհոյել և ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:Այդ ընթացքում, տվյալ անձինք խուզարկել են իր ավտոմեքենան, այնտեղից վերցրել են 60.000 ՀՀ դրամ, որն իր ընկերոջինն է և իրեն պատկանող 8.000 ՀՀ դրամ գումարը: Իսկ իր անձնական խուզարկությամբ` 180.000 ՀՀ դրամ գումար»:
Միաժամանակ նշենք, որ «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին և ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, որի հայրը երկար տարիներ զբաղվում է ծաղկի մեծածախ առևտրով։