ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միքայել Մինասյանը «Ձորա ՀԷԿ»-ի վերաբերյալ քրգործով չի հրավիրվել ՀՔԾ որպես վկա

Միքայել Մինասյանը «Ձորա ՀԷԿ»-ի վերաբերյալ քրգործով չի հրավիրվել ՀՔԾ որպես վկա

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին ծանուցում է ուղարկվել, InfoPort.am-ին տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մեր հարցին, թե արդյոք Մինասյանը ՀՔԾ հրավիրվել է ՀՔԾ-ում քննվող «ՁորաՀԷԿ»-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, լրատվական ծառայությունից բացասական պատասխան տվեցին՝ նշելով, որ այս պահին իրենք քրեական գործերի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն կարող հրապարակել:

Հիշեցնենք՝ «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի ապօրինի սեփականաշնոհման վերաբերյալ իր ասուլիսներից մեկում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ այդ մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ պաշտպանության նախարարության կազմում գտնվող և շահույթով աշխատող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 2010 թվականին շուկայական արժեքից մի քանի անգամ էժան օտարվել է։

Ըստ աղբյուրի, ՀԷԿ-ի օտարման գործընթացը կատարվել է փուլային, մանրամասն ծրագրված եղանակով։ Պաշտպանության նախարարության կազմում գտնվող և 2006-2010 թվականներին պաշտպանական համակարգին ավելի քան 2,5 միլիոն դոլարի շահույթ ապահոված ՀԷԿ-ի թողարկած էլեկտրաէներգիայի միավորի սակագինը 2009 թվականին 13,9 դրամից իջեցվել է 2,7 դրամի։ Ըստ դատախազության, սա արվել է «առանց շահույթի աշխատող ընկերությունը շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու համար»։

Այդպես ընկերությունը շուրջ մեկ տարի գործել է փաստացի առանց շահույթի։ 2010 թվականին արդեն «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն օտարվել է «Ձորագետ Հիդրո» ընկերությանը կառավարության որոշմամբ։ Ըստ դատախազության, հետագա տարիներին ՀԷԿ-ը գործել է մեծ շահույթներով 2011-2018 թվականներին՝ ունենալով ավելի քան 29 միլիոն դոլարի հասույթ։ Պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀԷԿ-ի շուկայական արժեքը 2010-ի դեկտեմբերի դրությամբ պետք է կազմեր ոչ թե 3,5, այլ շուրջ 8 միլիարդ դրամ։ InfoPort.am-ը դեռևս ամիսներ առաջ հարցում էր արել ՀՔԾ, որտեղից պատասխանել էին, որ այս քրեական գործով դեռևս մեղադրյալներ չկան:

Նշենք նաև, որ ըստ մամուլի Մինասյանը վերջերս արտերկրից վերադարձել էր մի քանի օրով Հայաստան։ Սակայն InfoPort-ի հարցին ի պատասխան ՀՔԾ-ում այս տեղեկությունը հերքեցին․ «Մինասյանը այս օրերին Հայաստանում չի եղել»։

  • Կիսվել: