շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան

ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան

Հայաստանում դատական համակարգն անկախ է և գործադիր մարմինը չի միջամտում դատավորների աշխատանքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ մեկնաբանելով երկու անչափահաս երեխաների մոր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման որոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին՝ բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս ընթացքում Վիրաբյանի առողջական վիճակը կալանավայրում մի քանի անգամ վատացել է, որի հետևանքով նա ուշագնաց է եղել։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Տաթեւիկ Վիրաբյանի՝ կալանքի պայմաններում առողջական վիճակի վատթարացումը հերթական դեպքն է, նախարարն արձագանքեց․ «Առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց հետ կապված ընթացակարագը հետեւյալն է՝ եթե մարդն ունի առողջության հետ կապված խնդիր, ապա դրա ախտորոշումը տալիս է բժիշկը եւ ազատազրկված մարդկանց դեպքում հետեւյալն է՝ եթե տեղում հենց բուժօգնություն է ցուցաբերվում եւ մարդը շարունակում է կրել ազատազրկումը հենց ՔԿՀ-ում, մյուս դեպքում եթե տեղափոխվում, բայց բժշկի առաջարկի հիման վրա տեղափոխվում է հենց «Դատապարտյալների հիվանդանոց», կա նաեւ տարբերակ, որ եթե մեր ՔԿՀ-ում բուժօգնությունը համապատասխան ձեւաչափով հնարավոր չէ իրականացնել, ապա տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց։ Այսինքն՝ դա արդարադատության նախարարի կամ որեւէ այլ իրավաբանի որոշմամբ չէ, այլ եթե բժիշկը համապատասխան հիմնավորումը տալիս է, մենք շատ արագ իրականացնում ենք դատապարտյալի կամ կալանավորված անձի տեղափոխումը»։

Հարցին՝ արդյո՞ք Վիրաբյանն այնքան վտանգավոր է, որ նրա հետ նույնիսկ տեսակցություններն են արգելված, Մինասյանը պատասխանեց․

«Ես չէ, որ պետք է գնահատական տամ, դա նույնիսկ կլինի ներգործություն մեր դատական իշխանության նկատմամբ, դատավորն է համոզմունքի հիման վրա որոշում՝ այս կամ այն մարդը որտեղ պետք է գտնվի։ Ես՝ որպես Արդարադատության նախարար ապահովում են ՔԿՀ-ում գտնվող մարդկանց պատշաճ պահման վայրի ապահովում»։

Հարցին, թե Հայաստանում ընտրովի արդարադատությանը ե՞րբ է վերջ տրվելու, նախարարն արձագանքեց․ «Քրեական գործերով որպեսզի կարողանալ գնահատական տալ, առաջինը պետք է լինել մասնագետ, երկրորդը պետք է կոնկրետ գործի նյութերին ծանոթ լինել, եւ ձեզնից որեւէ մեկը ծանոթ չէ, դրանց ծանոթ է լինում դատավորը, եւ կայացնում է արդարադատություն»։

Դիտարկման, թե մտահոգիչ չէ՞ որ կալանքը դարձել է «մահակ» ընդդիմության նկատմամբ, Մինասյանն ասաց․ «Վստահեցնում եմ, որ մեր դատական համակարգն այսօր անկախ է։ Դատավորների վրա որեւէ ներգործություն գործադիրը չունի։ Դատավորի որեւէ որոշման հետ կապված եթե որեւէ քաղաքացի ունի դժգոհություն, կա օրենքով սահմանված ընթացակարգ։ Օրինակ՝ եթե դոք դժգոհ լինեք ձեր հետ կապված դատական գործի վճռից, ապա կարող եք դիմել ԱՆ կամ Էթիկայի հանձնաժողովին եւ ապացուցել, որ դատավորը գործել է օրենքին հակառակ, եթե դատավորը գործել է օրենքով բայց ոչ ձեր կարծիքով, ապա դա այլ հարց է»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության հասցեին արված հայտարարություններին, օրինակ այն, որ ընդդիմությանը կուղարկի Բաքու, Արմավիր ՔԿՀ եւ այլն, Գրիգոր Մինասյանն ասաց․ «Իմ կարծիքով՝ Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ չի կարող մտահոգվել իր նկատմամբ բնռությամբ, որովհետեւ ինքը գիտի, որ հանկարծ եթե նման մտահոգություն ունենա, շատ հանգիստ կարող է դիմել իրավապահներին կամ եթե կա այդտեղ վիրավորանք, կարող է քաղհայցի շրջանակներում պաշտպանել իր իրավունքները։ Ես գտնում եմ, որ մեզ ժառանգություն է հասել բավականին խարխլված արդարադատություն, բայց այսօր մեր քաղաքականության շնորհիվ եւ ռազմավարական նպատակների իրականացման շնորհիվ գնում ենք լավ ու ճիշտ ուղղությամբ։ Կան խնդիրներ, որոնք շատ են, բայց պրոցեսը գնում է դեպի առողջացում»։

 

  • Կիսվել: