Մենք կաջակցենք կոմունիկացիաների հարցում ցանկացած լուծման, որն ընդունելի կլինի Երևանի և Բաքվի համար. Մագդալենա Գրոնո
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հարցազրույց է տվել NEWS.am-ին, անդրադարձել հայ-ադրբեջանական բանակցություններին, Բաքվից հնչող պահանջներին, էսկալացիայի հավանականությանը, կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրին, Հայաստանի ԵՄ անդամակցության հեռանկարներին և այլ հարցերի։
Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը՝ նոր նախապայմաններ առաջ քաշելով։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը վերջերս Հայաստանի Հանրապետության տարածքը կրկին անվանել է «Արեւմտյան Ադրբեջան»։ Դուք իրական խաղաղության հեռանկար տեսնո՞ւմ եք Հարավային Կովկասում։
Եվրամիությունը վերջին տարիների ընթացքում բարձր մակարդակով ակտիվորեն աջակցել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ «Խաղաղության և պետությունների միջև հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններին։ ԵՄ-ն և անդամ պետությունները վճռականորեն ողջունեցին բանակցությունների ավարտը 2025 թ. մարտին և խրախուսում են, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին մոտենա։ Իմ կարծիքով՝ կողմերը փորձում են բոլոր հնարավոր ուղիները՝ գործընթացն առաջ մղելու համար, ինչը դրական է։ Բաքուն վերահաստատել է իր հայտնի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի Սահմանադրության մեջ ցանկացած՝ անգամ անուղղակի հղման վերաբերյալ. դա, ըստ նրանց, վիճարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Երևանն ասում է, որ այդ հարցերը վաղուց հասցեագրված են Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից և հենց խաղաղության պայմանագրի նախագծի տեքստում։ Սրանք նոր հարցեր չեն։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի, որոնք կօգնեն որքան հնարավոր է արագ կայուն և տևական խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ առաջին հերթին ի բարօրություն ժողովուրդների։
Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարություններին և անմիջական կապի մեջ ենք երկու երկրների ղեկավարությունների հետ։ Մենք կոչ ենք անում խուսափել բացասական հռետորաբանության ցանկացած դրսևորումից։ Խոսքի ուժը զորեղ է, իսկ խաղաղության պտուղները պետք է քաղեն երկու հասարակություններն էլ։ Այդ իսկ պատճառով ժամանակն է կնքել խաղաղության համաձայնագիրը և սկսել նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության հեռանկարներին։ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև կայացած ոչ պաշտոնական շփումը մայիսի 16-ին Տիրանայում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նրանց առաջին ուղիղ շփումն էր 2024թ. հոկտեմբերին Կազանում կայացած հանդիպումից ի վեր, և դա շատ դրական զարգացում էր։ Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտության պարագայում որքան ավելի հաճախ են կողմերը ուղիղ շփվում, այնքան լավ։ Շատ կարևոր է, որ երկխոսություն տեղի ունենա բոլոր՝ այդ թվում ամենազգայուն հարցերի շուրջ։
Վերջին մեկ տարում մենք մի շարք հուսադրող քայլեր ենք տեսել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից։ Առաջին անգամ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների առաջին երկու նիստերը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացումը բավականին դրական զարգացումներ են։ ԵՄ-ն ոգևորված է այս կոնկրետ քայլերով, որոնց մենք աջակցել ենք։ Դրանք անհնար էին մի քանի տարի առաջ, և մենք գնահատում ենք մեր գործընկերների ունակությունը՝ հարմարեցնելու իրենց մոտեցումները, ինչպես դա, մասնավորապես, ցույց տվեցին Հայաստանի իշխանությունները։
Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարը իրական է, թեև հավելյալ ջանքեր են պահանջում դրա համար, որպեսզի խաղաղությունը չլինի միայն պատերազմի բացակայություն, այլ ամուր, կայուն և, հուսով եմ, անշրջելի իրողություն, որն ամեն ոք կզգա ու կօգտվի դրանից։ Խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է Հարավային Կովկասի համար, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք զարգացնել իրենց ներուժը, որը Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում, շատ մեծ է՝ լինի դա անհատների մակարդակում, տնտեսության մեջ թե առևտրում։ ԵՄ-ում խաղաղությունը հաստատվել է փոխադարձ տնտեսական կապերի ձևավորման հիման վրա։ Հարավային Կովկասում հեռու ենք սրանից, բայց գալիք տասնամյակներում ներուժ կա նման մոտեցմամբ շարժվելու համար։ Այս համատեքստում ԵՄ-ն ուշադիր հետևում է ներկայումս տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը և դրա հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը վերջերս ահազանգեցին էսկալացիայի եւ անգամ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման ռիսկի մասին։ Եվրամիությունն այս պահին տեսնո՞ւմ է նման վտանգ՝ հաշվի առնելով նաեւ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին։
Հայաստանում ԵՄ առաքելությունն իր մանդատին համապատասխան, որը վերջերս երկարաձգվեց, շարունակում է հետևել իրավիճակին հայկական կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով։ Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին անվտանգային մի շարք մտահոգիչ միջադեպեր են տեղի ունեցել սահմանին, իսկ մտահոգությունները բնակչության շրջանում, իհարկե, ավելի են խորանում հռետորաբանության հետևանքով։ Մենք, անշուշտ, չպետք է թերագնահատենք դրանք։ Ակնհայտ է, որ դեռ պետք է վստահություն ձևավորվի. Հարավային Կովկասը մնում է ամենառազմականացված տարածաշրջաններից մեկն աշխարհում, և տարօրինակ չէ, որ մարդիկ վախենում են էսկալացիայից՝ հաշվի առնելով, որ նախկինում էլ են հակամարտության միջոցով անցել և երբեմն լրատվական խիստ լանդշաֆտի հետ են առերեսվում։ Մենք կարծում ենք, որ Երևանի առաջարկած՝ միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը կարող է նպաստել թյուրընկալումների նվազեցմանը և վկայում է կողմերի՝ կարգավորման գործընթացը խորացնելու պատրաստակամության մասին։ Մենք խրախուսում ենք կողմերին հրադադարի խախտման ցանկացած պնդման դեպքում սերտորեն համագործակցել որևէ ձևաչափով՝ թյուրընկալումներից խուսափելու և էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու համար։
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց եւ 120 000 հայի իրենց հայրենիքից բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այլեւս հետաքրքրված չէ երրորդ կողմերի միջնորդությամբ՝ այդ թվում Եվրամիության, որը նախկինում Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների հիմնական հարթակն էր։ Ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում ԵՄ միջնորդական ջանքերը։ Այս հարցը քննարկե՞լ եք Ադրբեջանի ղեկավարության հետ։
Հակամարտությունը անասելի տառապանքներ է պատճառել ինչպես հակամարտությունից անմիջականորեն տուժած անձանց, այնպես էլ հասարակություններին ընդհանրապես։ Վերջին և դրանից առաջ տեղի ունեցած բռնության փուլերը ողբերգություններ էին, և ակնհայտ է, որ հասարակությունների համար բարդ է ազատվել նման կատակլիզմների թողած վերքերից և ցնցումներից։ Ողբերգությունները մեծ ազդեցություն են թողել երկու հասարակությունների վրա։ Կարծում եմ՝ այս փաստը որոշակիորեն բացատրում է, թե ինչու է դժվար արագ առաջընթացի հասնելը։ Ինչպես վերջին տասնամյակների ընթացքում եղել է տարածաշրջանի այլ տեղահանվածների պարագայում, մենք, իհարկե, հանձնառու ենք աջակցել Հայաստանի իշխանություններին և միջազգային մարդասիրական կազմակերպություններին Ղարաբաղից տեղահանված հայերին օգնություն տրամադրելու հարցում, ինչը մենք անում ենք, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագրի» շրջանակում։
2021-2023 թվականներին՝ «Բրյուսելյան գործընթացի» շրջանակում տեղի ունեցած բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների և շփումների բավականին ինտենսիվ փուլից հետո այժմ ակնհայտ է, որ կողմերը նախընտրում են բանակցել երկկողմ ձևաչափով։ Մենք, սակայն, շարունակել ենք սերտ համագործակցել կողմերի հետ՝ աջակցելով տարբեր ուղղություններով, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ՝ վերջապես երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
Պաշտոնավարումը սկսելուց ի վեր ինտենսիվ երկխոսություն եմ վարել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Քանի որ 2023 թվականի վերջից ի վեր երկու կողմերն էլ ցանկանում են առաջ շարժվել հիմնականում երկկողմ բանակցությունների ճանապարհով, մենք երկու երկրների ղեկավարությունների հետ միասին սահմանել ենք այն ուղղությունները, որտեղ ԵՄ-ն կարող է առավել օգտակար լինել։ Դրանց թվում է ԵՄ-ի աջակցությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի որոշ տարրերին, աջակցությունը հաղորդակցության ուղիների և տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններին, ինչպես նաև մարդասիրական գործունեությանը՝ մասնավորապես կենտրոնանալով ականազերծման և անհայտ կորածների հարցերի վրա։ Այս բոլոր ուղղություններով մենք ձևավորել ենք համագործակցային լավ շրջանակ՝ հիմնված վստահության և առաջընթացի վրա։ Մենք նաև շահագրգռված ենք աջակցել հակամարտության բոլոր փուլերից տուժածներին, ինչպես նաև նայում ենք առաջ՝ նպատակ ունենալով օգնել տարածաշրջանի երկու գործընկերներին, որպեսզի իրենց ժողովուրդների համար առավելագույնս օգտագործեն այն հնարավորությունները, որոնք ապագայում կընձեռի խաղաղությունը։ Բարձր ենք գնահատում նաև մի շարք այլ դրական զարգացումներ, օրինակ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Այդուհանդերձ, դեռ շատ բան կարող է արվել և պետք է արվի։ Ես հասկանում եմ տասնամյակներ տևած հակամարտության ժառանգության ծանր հետևանքները, սակայն հույս ունեմ, որ կողմերը կարող են փոխադարձ ընդունելի պայմաններով քայլ առ քայլ շարժվել լիարժեք կարգավորման և երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Եվ կրկին շեշտում եմ՝ այս գործընթացը պետք է վերաբերի երկու հասարակություններին էլ, ուստի ժամանակն է սկսել պատրաստել մարդկանց խաղաղության հեռանկարին։ Ինչպես բազմիցս նշվել է՝ այդ թվում ամենաբարձր մակարդակով, ԵՄ-ն, իհարկե, պատրաստ է անել ավելին, եթե կողմերը հետաքրքրված լինեն և նման դիմեն մեզ նման հարցով։
ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կփոխի խաղի կանոնները՝ հանգեցնելով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի՝ նախադեպը չունեցող մերձեցման։ Ի՞նչ նկատի ուներ նախագահ ֆոն դեր Լայենը՝ խոսելով Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջևժեւ «սահմանային սահուն անցում» ապահովելու անհրաժեշտության մասին։
Իրոք, 2025 թվականի ապրիլին Ուզբեկստանում ունեցած ելույթում նախագահ ֆոն դեր Լայենը նշեց, որ «գնալով բևեռացող աշխարհի պայմաններում Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը կուժեղացնի կապերը ձեր հինգ երկրների և Եվրոպայի միջև, (…) սակայն ենթակառուցվածքները ամեն ինչ չեն»։ Ենթակառուցվածքները, անշուշտ, շատ կարևոր են, սակայն սահմանն անխոչընդոտ հատելու համար անհրաժեշտ են նաև խաղաղություն, կայունություն և կանխատեսելիություն, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների միջև համագործակցություն։ Ավելի լայն փոխկապակցվածության վերաբերյալ քննարկումը տեղի է ունենում ԵՄ-ի հայտնի տեսլականի շրջանակում, որը միտված է ընդլայնելու կապուղիների հնարավորությունները՝ որպես միջոց ապահովելու ավելի սահուն առևտրային և տնտեսական փոխադարձ կապեր ԵՄ-ի և այս երկու ռազմավարական տարածաշրջանների՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև։
Այս համատեքստում մենք ողջունել ենք նաև ապրիլի 17-ին Թբիլիսիում փոխարտգործնախարարների մակարդակով անցկացված Հայաստան-Ադրբեջան-Վրաստան առաջին եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ այս ուղղությամբ ջանքերը կշարունակվեն։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է հաղորդակցության փոխադարձ ընդունելի մեխանիզմներ մշակելու ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ ընթացող բանակցությունները։ Մենք պարբերաբար կարծիքներ ենք փոխանակում Երևանի և Բաքվի հետ այդ հարցերի շուրջ, պատրաստ ենք տեխնիկական աջակցություն տրամադրել անդրսահմանային համագործակցության գործում և ներդրում կատարել տարածաշրջանային հաղորդակցության ծրագրերում, հենց որ համաձայնություն ձեռք բերվի այդ հարցում։
Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին մաքսային եւ սահմանային հսկողության պարզեցված ընթացակարգերով ապաշրջափակել հաղորդակցությունները Սյունիքի մարզի տարածքով՝ պահպանելով ինքնիշխանությունն ու իրավազորությունը դրանց նկատմամբ։ Ադրբեջանը, սակայն, դրական չի արձագանքել այս առաջարկին եւ շարունակում է պնդել, որ պետք է «անխափան կապ» ունենա Նախիջեւանի հետ։ Եվրամիության համար առանցքային նշանակություն ունի՞, թե ինչ կարգավիճակ կունենան հնարավոր հաղորդակցային ուղիները, թե՞ Բրյուսելն առաջնորդվելու է այն իրողություններով, որոնք առկա կլինեն գետնի վրա։
Ինչպես ես եմ հասկանում, կողմերը այս ու հաղորդակցությունների հետ կապված այլ առաջարկների շուրջ երկխոսում են, երկխոսությունը շարունակվում է։ Մենք կաջակցենք ցանկացած լուծման, որը փոխադարձաբար ընդունելի կլինի երկու կողմերի համար։ ԵՄ-ն իր կողմից առաջարկել է նաև գործնական աջակցություն ապագա հնարավոր պայմանավորվածությունների համատեքստում, որոնց շուրջ կողմերը կարող են համաձայնության հասնել՝ իհարկե ամբողջությամբ հարգելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մնացած սկզբունքները։ Հարավային Կովկասը զգայուն տարածաշրջան է նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից, որտեղ տարբեր շահեր են խաչվում․ մեր շահը նրանում է, որ տեսնենք անվտանգ և բարգավաճ տարածաշրջան, որը կխորացնի իր համագործակցությունը ԵՄ-ի հետ։
Հայաստանի խորհրդարանը ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք ընդունեց, սակայն Հայաստանի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ Հայաստանն անդամակցության հայտ չի ներկայացրել, և բանակցություններ չեն ընթանում այդ ուղղությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ Բրյուսելը պատրա՞ստ է նման բանակցություններ սկսել, եթե Հայաստանի կողմից պաշտոնական դիմում լինի։
ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման գործընթացը շարունակվում է։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին։ ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ եվրոպական ցանկացած պետություն, որը հավատարիմ է Կոպենհագենյան չափանիշներին, ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է հիմնարար ազատությունները, մարդու և փոքրամասնությունների իրավունքները, կարող է դիմել անդամակցելու ԵՄ-ին։
Ինչպես արդեն ընդգծվել է, ԵՄ-ին անդամակցելը բարդ, երկարաժամկետ և արժանիքահեն գործընթաց է։ Եվրամիությունը Հայաստանին ամենախոշոր ֆինանսական աջակցություն տրամադրող և բարեփոխումներին օժանդակող առանցքային գործընկերն է։ 2023թ․ հոկտեմբերին Եվրախորհրդարանում վարչապետ Փաշինյանի ունեցած ելույթից ի վեր մեր համագործակցությունն էլ ավելի է խորացել բոլոր ոլորտներում, իսկ 2024թ․ ապրիլին հայտարարվեց 270 միլիոն եվրո արժողությամբ դիմացկունության և աճի ծրագրի մասին՝ 2024-2027թթ. համար։
Մենք տարբեր մակարդակներում ակտիվ համագործակցում ենք Հայաստանի հետ՝ այդ թվում Ընդլայնված գործընկերության հավակնոտ օրակարգի շրջանակում։ Մենք նաև սկսել ենք երկխոսությունը վիզաների ազատականացման շուրջ։ Նախագահ Կոշտան վարչապետ Փաշինյանի հետ հունվարին կայացած հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս դրական ընթացքին՝ վերահաստատելով ԵՄ-ի հանձնառությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և տնտեսությունից մինչև ժողովրդավարություն ու դիմադրողականություն։ Այս հանձնառությունը և մեր ընդլայնված համագործակցությունը, վստահ եմ, կլինեն ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ Հայաստան սպասվող առաջիկա այցի առանցքում։
Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանի համար անհնար կլինի միաժամանակ անդամակցել թե՛ ԵՄ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այս հարցում։ ԵԱՏՄ անդամակցությունը կարո՞ղ է խոչընդոտ լինել, եթե Եվրամիությունը որոշի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ։
Նորից ուզում եմ շեշտել՝ խոսում ենք երկարաժամկետ և բարդ գործընթացների մասին։ Դեռ չենք հասել այդ փուլին, ուստի ճիշտ չեմ համարում ենթադրություններ անել ապագա սցենարների շուրջ։ Ամեն դեպքում, այս հարցերը չեն գտնվում իմ՝ որպես ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում։
Հայկ Սահակյան