հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Հարգելի՛ արցախահայություն, ձեզ խաբել են, սոցիալական աջակցության հարցն առևտրի են վերածել. Ակցիա

Հարգելի՛ արցախահայություն, ձեզ խաբել են, սոցիալական աջակցության հարցն առևտրի են վերածել. Ակցիա

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը մի խումբ արցախցիների հետ կառավարության շենքի մոտ էր՝ հայտարարելով, որ կառավարությունը խոստումներ է տալիս արցախցիների սոցիալական վիճակը բարելավելու համար, սակայն ոչինչ չի անում։

Նշենք, որ «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը դադարեցրել էր իր անդամակցությունն «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին»՝ նշելով, որ խորհրդի ու ՀՀ կառավարության միջև բանակցություններն անարդյունավետ են։

Նա նշեց, որ ապրիլի 29-ի բազմահազարանոց ցույցից հետո 12 կետերից բաղկացած պահանջագիր են ներկայացրել և նշել, որ ներկա իշխանությունն է պատասխանատու, ապա վրան էին տեղադրել։  

Այդ ընթացքում ՀՀ կառավարությունից եղել են արձագանքներ, որ պատրաստ են քննարկել հարցերը։ «Նրանք ասել են, մի ամսով սոցիալական աջակցությունն ավելացնում ենք, բայց վրանը հանեք։ Հետո պայքարը շարունակում ենք, առաջարկել են 2 ամսով ավելացնել։ Առևտրի հարց են սարքել, մենք ասել ենք՝ ոչ, սոցիալական աջակցությունը պետք է լինի անժամկետ՝ հաշվի առնելով, որ մենք լավ տիրապետում ենք արցախահայության իրավիճակին մայր Հայաստանում, որ ոչ բավարար են հարցերի լուծման մոտեցումները։ Իրենց կողմից եղել է պատասխան՝ խոսք ենք տալիս, որ քննարկենք ու բարեփոխենք կետերը, որ ժողովուրդը կարողանա ինտեգրվել հայաստանաբնակներին»,-ասաց նա։

Իսրայելյանը հայտարարեց. «Հարգելի՛ արցախահայություն, ձեզ խաբել են, ասել ենք 2 ամիս ժամկետը երկարացնելը բավարար չէ, կրկնապատիկ խաբել են, որ շարժումը թուլացնեն, դրա հիման վրա էլ եղել են խոստումները»։

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահը նշեց՝ այն խմբերը, որոնք հանդիպել են ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ խոսք են տվել, որ բարելավելու են վիճակը, բայց ընդունված որոշ կետեր հանել են, ասել են այդ հարցերը չեն քննարկվում։

Ըստ նրա՝ բանակցությունների գնացող խումբը համագործակցում է իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ նաև «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամներից։

«Եթե արդյունքներ չկա, ուրեմն՝ հաշվի եմ առնում, որ համագործակցել են, իշխանության, կառավարության օրակարգով են շարժվում»,-ասաց նա։  

  • Կիսվել: