ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը. Արման Եղոյան
ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը: Շատ դեպքերում մենք շատ բողոքներ ենք ստանում նոր բաժանորդներից, որ ստիպում է իրենց նոր բաժանորդ դառնալուց հետո համապատասխան հաշվիչները կամ տրանսֆորմատորները ձեռք բերել իրենց հետ փոխկապակցված ընկերություններից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետությանը:
«Սպառողներից մենք բողոքներ ենք ստանում, որ շուկայի ազատականացված հատվածում ՀԷՑ-ի հետ փոխկապակցված ընկերությունները ստիպում են, որ հոսանքը ձեռք բերեն հենց իրենցից: Իսկ շուկայի ազատականացման իմաստն այն էր, որ որակավորված սպառողները հոսանքը ձեռք բերեն անկախ մատակարարներից»,- ասաց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, թե ՀԷՑ-ն արդյունավետ չի աշխատել:
Ըստ Եղոյանի՝ խոսքը շատ կարևոր ենթակառուցվածքի մասին է, որը սովորական բիզնես չէ, որ մի օր լավ աշխատի, մի օր՝ վատ: Ցանցը, ըստ պատգամավորի, պիտի աշխատի շատ լավ:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն առնչվող հայտարարությանը, ապա պատգամավորը պարզաբանեց՝ այդ հայտարարությունից ենթադրել է, որ գործարար Սամվել Կարապետյանը նկատի ունի անօրինական ինչ-որ բան անել:
«Հաշվի առնելով, թե ինքը ով է, որտեղ է իր կապիտալը, ինչքան է իր կապիտալը, հաշվի առնելով, թե ինչ կարող է նկատի ունենալ, կա ողջամիտ կասկած, որ կարող է նկատի ունենալ ոչ իրավաչափ գործողություն:
Եթե խոսում է քաղաքական պրոցեսի մասին, կարող է ասել՝ մենք կմտնենք քաղաքական պրոցեսի մեջ, կդառնանք քաղաքական գործիչ, կմասնակցենք ընտրապայքարին, դա կլինի նորմալ: Բայց ասում է՝ եթե քաղաքական պրոցեսը չստացվի, մենք մեր ձևով կանենք»,- ասաց պատգամավորը: