ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքները

ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքները

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
 
Հանդիպման սկզբում դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում։
 
Պաշտպանը տիկին Քվինին ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, մատնանշել իր գործունեության առաջնահերթությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են պայքարը ատելության խոսքի ու խտրականության դեմ, խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորումը, անհամաչափ ուժի կիրառման բացառումը ու կանանց համար արդարադատության մատչելիության ապահովումը։
 
Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է նաև ս.թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում սահմանային բնակավայրերի բնակչության կյանքի և անվտանգության, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին։
 
Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում բնակվող անձանց իրավունքների պաշտպանության խնդրի հրատապությանը և կարևորել մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Տիկին Մանասյանն ընդգծել է նաև պատերազմական հանցագործությունների փաստերի ամրագրման և մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացման հարցում հաստատության կատարած աշխատանքները։
 
Դեսպանին են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին այցի մանրամասները։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:
 

  • Կիսվել: