երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ին առընթեր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի կազմում ներգրավելու հրավեր

ՀՀ ՄԻՊ-ին առընթեր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի կազմում ներգրավելու հրավեր

Նպատակ ունենալով միավորել ջանքերն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ՝ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների խթանումը և արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներում ներգրավման միջոցով, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը և խթանմանը նպաստող միջավայրի ստեղծումը:

Վերը թվարկված նպատակները ենթադրում են ակտիվ համատեղ աշխատանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչը լավագույնս հնարավոր է իրականացնել Պաշտպանին առընթեր խորհրդի ձևաչափով:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել.

  • Այն հասարակական կազմակերպությունները, որոնք

➢ առնվազն 2 տարի գործունեություն են ծավալում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում,

➢ ըստ կանոնադրության և/կամ գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում աշխատում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում:

  • Այն փորձագետները,

➢ ովքեր մասնակցել են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, և

➢ ունեն առնվազն 2 տարվա ոլորտային փորձառություն:

Խորհրդին անդամության համար մինչև 2023 թվականի հուլիսի 24-ը կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմ՝ [email protected] էլ. հասցեին ներկայացնելով.

  • հասարակական կազմակերպության գրանցման վկայականը, իսկ որպես անկախ փորձագետ դիմելու դեպքում՝ ինքնակենսագրականը,
  • հասարակական կազմակերպության գործունեության, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ փորձագիտական հմտությունների և ոլորտի հակիրճ նկարագիրը,
  • հակիրճ տեղեկատվություն հասարակական կազմակերպության վերջին 2 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի, փորձագիտական աշխատանքների և ոլորտում կատարած այլ աշխատանքների վերաբերյալ,
  • հասարակական կազմակերպությունների դեպքում՝ պաշտոնական կայքէջի հղումը, սոցիալական ցանցերում վարվող էջերի հղումները (առկայության դեպքում):

Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 5-20 հայտերը:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 10) 53-75-51 հեռախոսահամարով:

  • Կիսվել: