ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացներին

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում ապրիլի 19-20-ը ՀՀ արդարադատության ակադեմիայում կազմակերպվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթաց: Այդ նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ ներկայացուցիչները`  Անդրեյ Մունտեանը և Օքսանա Գիսկան, այցելել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հանդիպել ղեկավար կազմի հետ, ծանոթացել նորաստեղծ կառույցի գործունեությանը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ փողերի լվացման քննության արդյունավետության բարձրացման ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով դասընթացների անցկացումը:  

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող  առցանց ուսուցման ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2022թ. մարտից: Արդարադատության ակադեմիայում ապրիլի 19-20-ը կազմակերպված միջոցառումը նշված դասընթացների ամփոփումն էր: Դասընթացների հիմնական նպատակը փողերի լվացման դեպքերի քննության վերաբերյալ փորձի փոխանակումն ու նախորդող ֆինանսական հանցագործությունների քննության գործում քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր: Հաջողված դեպքերի օրինակներով քննիչներին ներկայացվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետ մեթոդներն ու ապահովվել անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվության տրամադրումը:

Հայկական կողմի ներկայացուցիչները նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմին, մեծապես կարևորում է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը և բարձր գնահատում ԵԱՀԿ-ի աջակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու գործում: 

Հանդիպումների ավարտին ԵԱՀԿ ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվանից ԵԱՀԿ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, և արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը:

  • Կիսվել: