կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Նախաձեռնություն` միտված կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը

Նախաձեռնություն` միտված կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը

Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Զեկուցողի խոսքով հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող պայքարն առավել թիրախային դարձնել:

Առաջարկվում է Քրեական օրենսգրքում սահմանել կիբեռհանցավորությունների ցանկը: «Սա թույլ կտա իրավապահ համակարգին մասնագիտական ստորաբաժանումների միջոցով հստակեցնել աշխատանքի ծավալները»,- ընդգծել է փոխնախարարը:

Փաթեթով նաեւ որոշ հստակեցումներ են կատարվում կրիպտոակտիվների շուկայի մասով:

Ըստ Արփինե Սարգսյանի` նախաձեռնությունը քննարկվել է գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ առաջինից երկրորդ ընթերցում քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, հատկապես ԿԲ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնության համատեքստում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել են նաեւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթում փոփոխություններ չեն կատարվել:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

  • Կիսվել: