երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են դարձել Մասիսում կենցաղային հարցի պատճառով մեքենան այրելու դեպքի մանրամասները

Հայտնի են դարձել Մասիսում կենցաղային հարցի պատճառով մեքենան այրելու դեպքի մանրամասները

Նոյեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ Մասիսի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ մեքենա է այրվում: Պարզվել էր, որ այրվում էր մասիսցի 36-ամյա տղամարդու «Honda Accord»-ը։ 24News-ին հայտնի են դարձել մի շարք հանգամանքներ, թե ի՞նչն է դրդել մասիսցի 32-ամյա բնակչին այրել համաքաղաքացու մեքենան։

24News-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, հանցագործություն կատարած անձը դեռ 10 տարի առաջ ունեցած կենցաղային խոսակցությունների շուրջ ունեցած տարակարծության պատճառով է գնացել այդ քայլին։ Հանցագործություն կատարած անձը և տուժողն այդ ընթացքում չեն շփվել, ինչպես մեզ փոխանցեցին՝ «խռով» են։ Քննչականի մեր աղբյուների տեղեկացմամբ, Մասիսի բնակիչը հարցաքննության ժամանակ նշել է, որ մեքենան այրել է, քանի որ ինքը վերջին տարիներին ոչինչ ձեռք չի բերել՝ ի տարբերություն իր համաքաղաքացու։

Ինչպես ոստիկանությունից հայտնել էին, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում։ Ականատեսների խոսքով, եթե դեպքը տեղի ունենար գիշերը, ոչ միայն գույքային վնաս էր լինելու, այլև մարդկային կորուստներ, քանի որ բնակելի տան բակի հատվածում գազատար խողովակ կար, իսկ տան տանիքը փայտյա էր, ինչը կարող էր հանգեցնել դժբախտ պատահարի։ Մեզ փոխանցեցին նաև, որ հարևաններն են նկատել այրվող մեքենան և, դույլերով ջուր լցնելով, փորձել են մարել հրդեհը։ Հիշեցնենք, որ դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել էր: Պարզվել էր, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Մասիսի 32-ամյա մի բնակիչ նախկինում ունեցած հարցերի համար վրեժխնդիր լինելու նպատակով բենզինով փորձել էր այրել 36-ամյա համաքաղաքացու մեքենան: Նոյեմբերի 13-ին բաժնի քրեական հետախույզները մեկնել են 32-ամյա տղամարդու բնակարան: Ոստիկաններին տեսնելով՝ նա ոչ ադեկվատ վարքագիծ էր դրսևորել, ապա մտել էր լոգարան և վնասել դաստակները: Ոստիկանները տեղում առաջին օգնություն են ցույց տվել, այնուհետև ձերբակալել նրան ու տեղափոխել բաժին:

  • Կիսվել: