երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայտնի է դատավորը, որին մակագրվել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործը

Հայտնի է դատավորը, որին մակագրվել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործն արդեն մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին տեղեկանում ենք "Դատալեքս" տեղեկատվական համակարգից։ Այս գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանը ու ևս 4 անձ:

Դատական նիստի օր, սակայն, դեռ չի նշանակվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

 

  • Կիսվել: