երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում կոռուպցիան միայն կաշառքը չէ. Արամայիս Փաշինյան

Հայաստանում կոռուպցիան միայն կաշառքը չէ. Արամայիս Փաշինյան

Կոռուպցիան Հայաստանում ոչ միայն պարզ կաշառքն է, այլ նաև հովանավորչությունը, խնամի-ծանոթ-բարեկամությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Արամայիս Փաշինյանը` ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին` արդյոք համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված, թե ոչ։
Նշենք, որ Փաշինյանը հանձնաժողովում պաշտոն է զբաղեցնում 2019 թվականից և այժմ առաջադրվել է` վերընտրվելու նպատակով:
 
«Այնպես, ինչպես ընդունված է հանրային ընկալման մեջ, կարծում եմ՝ չկա այդ համակարգային կոռուպցիան, բայց ԽԾԲ–ի նման երևույթները նույնպես արմատացած են մեր կառավարման համակարգում, որոնց դեմ պետք է հաջորդ փուլով պայքարել»,–ասաց Փաշինյանը։
 
Նրա թեկնածության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց. «Ձեր ազգանունով մարդը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին- խմբ.) 2018թ․-ից կարճ ժամանակ անց պնդում էր, թե համակարգային կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ է արված։ Մինչդեռ ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների մասին զեկույցում նշված է, որ ՀՀ-ում առկա է համակարգային կոռուպցիա. ինչով սա կբացատրեք»։
Արամայիս Փաշինյանը նշեց, որ ըստ միջազգային ինդեքսների, որոնք հիմնված են փորձագետների և բիզնեսի հարցումների վրա, կոռուպցիան Հայաստանում պահպանվում է, ուստի դրա դեմ պայքարում թուլանալ չի կարելի՝ ոչ հակակոռուպցիոն կոմիտեին, ոչ պետական այլ մարմիններին:
Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ հանձնաժողովի ձևավորումից հետո ավելի մանրակրկիտ է ուսումնասիրվում պաշտոնյաների գույքի և եկամուտների համապատասխանությունը։
Փաշինյանի կարծիքով` մեծ կոռուպցիոն ռիսկեր կան պաշտոնյաների հայտարարագրած խոշոր կանխիկ գումարներում։ Հետևաբար` դրա օրինականությունը պետք է ուշադիր ստուգել, որպեսզի բացառվի փողերի լվացումը։
 
«Որպես լուծում ես տեսնում եմ, որ կանխիկ խոշոր գումարներ հայտարարագրած պաշտոնատար անձանց հայտարարգերը պետք է համարվեն ավելի ռիսկային, և հանձնաժողովը ավելի հաճախ անդրադառնա այդ անձանց հայտարարագրերի վերլուծությանը»,–ասաց նա։
Հավելենք, որ Արամայիս Փաշինյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 65 կողմ, 0 դեմ։
 
Փաշինյանը կրթությամբ ֆինանսիստ է, մի քանի տարի աշխատել է մասնավոր սեկտորում (Grant Thornton ընկերությունում ավագ աուդիտոր), եղել է նաև մի շարք բարեգործական հիմնադրամների ֆինանսական ղեկավարը: Հանձնաժողովի անդամ առաջին անգամ ընտրվել է 2019 թվականին:

  • Կիսվել: