երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Հայաստանն արձանագրեց՝ անկախ ու անաչառ դատավորը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում. Դատավոր Բախշիյանի փաստաբաններ

Հայաստանն արձանագրեց՝ անկախ ու անաչառ դատավորը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում. Դատավոր Բախշիյանի փաստաբաններ

Դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանի համար անսպասելի չէր դատավոր Դավիթ Արղամանյանի կայացրած որոշումը, ըստ որի՝ դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։

«Պարոն Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը, արդարադատությունը բռնաբարեցին մի խումբ իշխանավորներ. պետք է ասել, որ ժողովրդավարությունը գլորվեց անդունդ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաստաբանը բառեր չի կարողանում գտնել, թե ինչ է կատարվում դատական համակարգում։

Ըստ նրա՝ արդարադատություն իրականացնող դատավորներին կալանավորում են՝ «վախեցնելու համար մյուսների աչքերը»։

Դատավոր Բախշիյանի փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ դատավորներն, առանց կարդալու, ստորագրել են դատախազության միջնորդությունը։

«Թուղթը տվել են, ասել են կստորագրեք, իրենք էլ ստորագրել են, ինչու եմ պնդում, որովհետև որոշման 9-րդ էջում միտքը կիսատ է մնացել, մի ամբողջ էջեր չկան այնտեղ, բայց բոլորը ստորագրել են», - նշեց Երեմ Սարգսյանը։

Դատավորի մյուս փաստաբանը՝ Արսեն Սարդարյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի պատմության՝ իրավական պետություն ունենալու մեջ ունեցանք ամենածանր էջերից մեկը։

Սարդարյանի խոսքով՝ Արղամանյանը շատ լուրջ ճնշումների է ենթարկվել։

«Ինքը փորձել է պայքարել, իր ակտում էլ է երևում, որ փորձել է պայքարել, բայց թույլ չտվեցին իրեն արդարադատություն իրականացնել», - նշեց նա։

Փաստաբանն ընդգծեց՝ Հայաստանն այսօր արձանագրեց՝ անկախ ու անաչառ դատավորը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում։

«Եթե դու գործում ես քո խղճի, օրենքի համաձայն, ուրեմն պետք է նստես, մենք այսօր Հյուսիսային Կորեային հաղթեցինք, մենք եղանք ամենաառաջինը իրավական կամայականությունների առոմով. այն, ինչ այսօր տեղի ունեցավ, իրավաբանության վախճան էր», - հայտարարեց դատավոր Բախշիյանի պաշտպանը։

  • Կիսվել: