Հայաստանի կառավարությունը պլանավորում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին․ Գրիգորյան
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին: Այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ունեցած ելույթում:
Նա ընդգծեց, որ կառավարությունը 2018 թվականից սկսած սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարևոր է անվտանգության, կայունության և կարողությունների ավելացման տեսանկյունից:
Ընդհանուր անվտանգության համակարգի տեսանկյունից նա կարևոր համարեց Ոստիկանության և ԱԻՆ-ի գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը:
«Անվտանգության խորհրդի նիստերին, օրինակ, հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, ԱԻՆ-ի գործառույթներ, որոնք առնչվում են պաշտպանությանը: Անվտանգության խորհրդում ԱԻՆ-ը ներկայացված չէր: Բայց այժմ այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, քանի որ ՆԳ նախարարը, որպես նաև արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ներգրավված լինելու ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում և հարցերը լուծելու մասով»,-ասաց ԱԽ քարտուղարը:
Նա կարծում է, որ ընտրված ճանապարհը՝ փոխկապակցել ոստիկանության բարեփոխումներն այլ ոլորտների հետ, արդյունավետությունը բարձրացնել, շատ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա: «Մեր հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար: Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ շարժվել»,-եզրափակեց Գրիգորյանը:


