հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարին պատկանող ընկերության բեռնատարներն աղբ են թափել չսահմանված վայրում. hetq.am (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարին պատկանող ընկերության բեռնատարներն աղբ են թափել չսահմանված վայրում. hetq.am (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարները փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում և հայտաբերվել են, գրում է hetq.am-ը:

Արաբկիրի ոստիկանության աշխատակիցներն այսօր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպքը, երբ «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբը թափել չսահմանված վայրում։

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի։ Ավելին, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Դավիթ Սուքիասյանը Հատուկ քննչական ծառայությունում սկսել է աշխատել 2017 թ-ի հուլիսից՝ որպես աշխատակազմի ղեկավար։ 2018 թ-ի հունիսից դարձել է ՀՔԾ գլխավոր քարտուղար։ 

«ՄԼ Մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ։ Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ Դավիթ Սուքիասյանն ընկերության միանձնյա բաժնետերն է։ 

  • Կիսվել: