Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը վերջին տարիներին միջինում աճել է 18,7 տոկոսով. ՆԳ նախարար
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը վերջին տարիներին միջինում աճել է 18,7 տոկոսով։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Առհասարակ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների պատկերը հետևյալն է` 2019 թվականին` 74 դեպք, 2020 թվականին` 83, 2021 թվականին` 57, 2022 թվականին` 67, 2023 թվականին` 94: Միջինում աճը կազմել է 18,7%:
Նշված դեպքերից, ըստ 2022-2023 թվականների տվյալների, 2022 թվականին 67 դեպքից օրինական հրազենով է կատարվել 27-ը կամ 40,3 տոկոսը, իսկ 2023թ.-ին` 94 դեպքից` 44-ը կամ 46,8 տոկոսը: Օրինական 71 զենքից 67-ը եղել է ակոսափող և ողորկափող որսորդական զենք, և միայն 4-ը` մարտական ատրճանակ։
Ի դեպ, շատ դեպքերում հնչեղություն են ստանում հրազենով կատարված այնպիսի հանցագործության դեպքեր, որոնց հետագա քննությամբ պարզվում է, որ իրականում հրազենի փոխարեն գործադրվել է պնևմատիկ կամ գազային ատրճանակ»,-ասաց Ղազարյանը՝ արձանագրելով, որ դրանց ձեռքբերումը մի դեպքում առհասարակ չի պահանջում թույլտվություն, իսկ մյուս դեպքում ունի հասանելի թույլտվության ընթացակարգ: