չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հարուցվել է քրգործ՝ 28-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ. Դանակով վնասել է շնչափողը

Հարուցվել է քրգործ՝ 28-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ. Դանակով վնասել է շնչափողը

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արագածոտնի մարզի 28-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեից  հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին, որով տեղեկացվել է, որ «Ձախից պարանոցի առաջկողմնային մակերեսի թափանցող վերք շնչափողի վնասումով, հարակից հյուսվածքների ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ «Արշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ավան գյուղի 28-ամյա բնակիչը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը հիշյալ գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել վերոնշյալ երիտասարդի և նրա համագյուղացու միջև, որի ժամանակ վերջինիս հետ դեպքի վայրում գտնվող 29-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 28-ամյա երիտասարդի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք և դիմել փախուստի:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են  օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: