հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը կթեթևացվի. ներդրվում է նոր գործիքակազմ

Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը կթեթևացվի. ներդրվում է նոր գործիքակազմ

Հանրային պաշտպանների համար կսահմանվեն սոցիալական երաշխիքներ։ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի 15 տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար։ Հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը նկատելի ավելացել է, նրանք շատ դեպքերում աշխատում են արտաժամյա։ Եվ այդ աշխատանքի դիմաց վարձատրությունն ապահովելու համար էլ նախարարությունը հանդես է գալիս այս նախաձեռնությամբ։

«Այս նախաձեռնության հիմք են հանդիսացել Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացվող մտահոգությունները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեկան միջինում քրեական գործերի 20 տոկոս կայուն աճ է լինում։ Յուրաքանչյուր հանրային պաշտպան տարեկան վարում է 210 քրեական գործ, ինչը բավական մեծ թիվ է։ Դրան էլ նպաստեցին 2022 թվականի հուլիսից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, ըստ որի հանրային պաշտպանի ներգրավումը գործին օպերատիվ ու սեղմ ժամկետներում պետք է լինի։ Շատ դեպքերում նրանք պարտավոր էին գիշերային ժամերին ներգրավվել վարույթին, քննչական գործողություններին մասնակցել և այլն։ Ահա այս ծանրաբեռնվածությունն էլ հաշվի առնելով, սոցիալական երաշխիքների անհրաժեշտություն արժանացավ»,-ասաց Արտյոմ Սուջյանը։ Այս փոփոխությունից կօգտվի մոտ 90 հանրային պաշտպան։ Պետբյուջեից տարեկան պահանջվելու է 67 մլն դրամ։ Նախագիծը մինչև տարվա վերջ ընդունված կլինի և ամենաուշը հունվարից հանրային պաշտպանները կօգտվեն այս հնարավորությունից։

Այս նախաձեռնության նպատակը միայն սոցիալական նշանակություն չունի։ Արտյոմ Սուջյանը նկատեց, որ նման մոտեցումը թույլ կտա ոլորտում պահել որակյալ կադրերին։

«Այսօր խնդիր ունենք եղած կադրերին պահպանելու, արտահոսքը կանխելու։ Այս նախաձեռնությունը գործուն քայլ է կադրերին պահելու առումով։ Իմ կարծիքով, հանրային պաշտպանների այսօրվա աշխատավարձը հասնում է այն մակարդակին, որ մրցունակ է մասնավոր ոլորտում վարձատրության հետ։ Այս ավելացումներն ավելի կնպաստեն, որ եղած աշխատավարձային տարբերությունը հարթվի»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականը։

Արտյոմ Սուջյանը տեղեկացրեց, որ սրանից զատ քայլեր են կատարվում հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը մեղմելու համար։ Արդեն հանրային պաշտպանների հաստիքներն ավելացել են՝ հասնելով 69-ի։ Դրանից բացի, նախատեսվում է ներդնել նոր գործիքակազմ հանրային պաշտպանների ծառայության համար դիմող անձանց հնարավորությունները գնահատելու համար։

«Ունենում ենք դեպքեր, երբ հանրային պաշտպանության համար դիմում են այնպիսի անձինք, որոնք չունեն դրա կարիքը, իրենք սոցիալական այն վիճակում չեն, որ օգտվեն հանրային պաշտպանի ծառայությունից։ Լինում են դեպքեր, երբ տվյալ անձի վարած ավտոմեքենայի ամսական ծախսը մի քանի անգամ ավելի շատ է, քան փաստաբանի համար նախատեսվող գումարը, սակայն իրենք դիմում եմ հանրային պաշտպանի ծառայությունից օգտվելու համար։ Հիմա ուզում ենք ներդնել նրանց ինդենտիֆիկացման արդյունավետ մեխանիզմներ։ Քաղաքացին կարող է դիմել և օգտվել հանրային պաշտպանի ծառայությունից, սակայն երբ պարզվի, որ իր ֆինանսական վիճակն այնպիսին է, որ չպետք է օգտվեր, ապա այդ անձից պետության կողմից ծախսված գումարը կգանձվի»,-ասաց Արտյոմ Սուջյանն՝ ավելացնելով, որ խնդիր է դրված ոչ թե գումար գանձել, այլ ներդնել զսպող մեխանիզմներ, որոնք կօգնեն նվազեցնել հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը։

  • Կիսվել: