ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանցավորության մեջ թաթախված դատավորները պատասխան են տալու՝ քաղաքական պատվերով մարդկանց ապօրինաբար անազատության մեջ պահելու համար. Բաբաջանյան

Հանցավորության մեջ թաթախված դատավորները պատասխան են տալու՝ քաղաքական պատվերով մարդկանց ապօրինաբար անազատության մեջ պահելու համար. Բաբաջանյան

Այսօր խորհրդարանում դատական բարեփոխումներին անդրադարձավ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա նշեց, որ հեղափոխությանը հավատացած մարդիկ չեն հրաժարվելու պետության համար կենսական նշանակություն ունեցող՝ դատական համակարգի առողջացումից, զտումից։

Բաբաջանյանը, մասնավորապես, նշեց. «Մենք ոչ միայն չենք հրաժարվում, այլև խիստ պահանջատեր ենք այդ հարցում ու դա ապացուցելու ենք գործով։ Վերջին ավելի քան 20 տարում ապօրինի դատական ակտերով ՀՀ քաղաքացիներին սեփականությունից զրկած, նրանց իրավունքները ոտնահարած, քաղաքական հետապնդումները օրինականացրած և, ի վերջո, պետության բռնազավթմանը մասնակցած ոչ մի գործող դատավոր անպատիժ չի մնալու» ։

Ըստ նրա՝ որևէ փոխզիջում չի լինելու քաղաքացիներին թալանած, ունեզրկած ու նվաստացրած քաղաքական իշխանության քաղաքական հետապնդումները օրինականացրած դատավորների նկատմամբ, և նրանք ու նրանց հովանավորները դուրս են շպրտվելու դատական համակարգից։

Բաբաջանյանն ասաց. «Նախօրեին «Մարտի 1»-ի գործով մի շարք քաղբանտարկյալներ են արդարացվել։ Այդ մարդկանց ազատությունից զրկած, այս և մյուս գործերով Վերաքննիչ քրեական դատարանի գործող և հանցավորության մեջ թաթախված այլ շատ ու շատ դատավորներ պատասխան են տալու՝ քաղաքական պատվերով մարդկանց ապօրինաբար անազատության մեջ պահելու համար»:

  • Կիսվել: