կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համաձայն չենք դատարանի այդ որոշումների հետ. Ավանեսյանը՝ դատարանում պարտվելու մասին

Համաձայն չենք դատարանի այդ որոշումների հետ. Ավանեսյանը՝ դատարանում պարտվելու մասին

Ժողովրդավարական եւ օրենքի գերակայություն ունեցող երկրում նորմալ է, որ դատարանների վճիռները կանխորոշված չեն գործադիր մարմնի որոշումներով: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ղեկավարած կառույցից աշխատանքից ազատված աշխատակիցները դիմում են դատարան եւ վերականգնվում իրենց պաշտոնում եւ պետությունը փոխհատուցում է նրանց հարկադիր պարարպուրդի համար։

«Այո, մենք էլ դատարանում հանդիսանում ենք կողմ, մի դեպքում պարտվում ենք, մի դեպքում շահում ենք; Թե ինչքանով են այդ որոշումները իրավաչափ, մենք մեր դիրքորոշումն ունենք եւ բողոքարկում ենք հիմնականում այդ որոշումները: Հուսով ենք, որ դատական համակարգի կայացման, զարգացման արդյունքում դատական գործերով մեր ծանրաբեռնվածությունը կնվազի եւ որոշումներն էլ, մեր ընկալմամբ, ճիշտ կլինեն»,-ասաց նա:

Հարցին՝ ստացվում է, որ Ձեր գնահատմամբ դատարանի որոշումը ճիշտ չէ՞, նախարարն արձագանքեց. «Եթե բողոքարկում ենք, ուրեմն համաձայն չենք այդ որոշումների հետ»:

Հիշեցնենք, որ Ծաղիկ Վարդանյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից երկու գրավոր կարգապահական տույժի ենթարկվելուց հետո. ազատվել էր ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի  պաշտոնից։ Որոշումը բողոքարկելուց և Առաջին ատյանի դատարանում հաղթելուց հետո  Ծաղիկ Վարդանյանը վերականգնվեց իր պաշտոնին։ Նման դեպքերում պետությունը պարտավոր է  փոխհատուցել աշխատակցի հարկադիր պարապուրդի համար։

  • Կիսվել: