«Գումի» շուկայում ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5-ը հրաժարվել են փաստաբանից
Երևանի «Գումի» շուկայում աշխատող, ուրբաթ օրը ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։ Այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Սարգսյանը:
Նշենք, որ նրանք դեռ շարունակում են մնալ անազատության մեջ, նրանց ձերբակալության 72 ժամը լրանում է վաղը առավոտյան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:
Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով:
Ավելի ուշ ՍԱՏՄ-ից հայտարարություն տարածեցին, որ այրել են մոտ մեկ տոննա առգրավված միսը: