ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ. պաշտպանը` Գորիսի քաղաքապետի մեղադրանքի մասին

Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ. պաշտպանը` Գորիսի քաղաքապետի մեղադրանքի մասին

Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, որեւէ իրավական գործընթաց չկա: Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ճիշտ է, ընթացակարգը պահպանում ենք, կալանքի միջնորդությանը մասնակցում ենք, բոլոր հնարավոր դատավարական եւ քննչական գործողություններին, բայց մեր դիրքորոշումը հստակ է՝ այստեղ գործ չունենք առհասարակ իրավաբանության հետ եւ գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ: Քանզի դժվար եմ պատկերացնում այս գործընթացը որակել իրավական այն դեպքում, երբ որ, այսպես ասած, հետապնդումը զուտ սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մուրճը ձեռքին ասում էր, որ ՛՛մենք բոլորիդ հետեւից գալու ենք, Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարներ՛՛: Կարծում եմ՝ սրանից հետո որեւէ մեկի մոտ չի կարող այլ կարծիք ձեւավորվել, որ մենք գործ ունենք իրավական գործընթացի հետ՛՛:

Ալեքսանյանն ասաց նաեւ, որ ծանոթացել են ողջ նյութերին, սակայն անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չկա այնպիսի փաստական տվյալ, նաեւ հավաստիության եւ արժանահավատության տեսանկյունից,ցորը կվկայեր այն մասին, որ Առուշ Առուշանյանն առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքների կատարման հետ:

Նշենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու համար:

Հավելենք, որ դատարանը այս պահին քննում է Գորիսի համայնքապետին կալանավորելու՝ ՀՔԾ–ի միջնորդությունը:

  • Կիսվել: