հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
«Գորիս» ՔԿՀ ծառայողները կանխել են նույն կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը

«Գորիս» ՔԿՀ ծառայողները կանխել են նույն կալանավորված անձին թմրամիջոց փոխանցելու երկրորդ դեպքը

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 5-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Տ․Խ․-ի անվամբ քաղաքացի Ն․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգված: 

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի նույն կալանավորված անձին թմրամիջոցին նմանվող զանգված փոխանցելու փորձ արձանագրվել էր նաև նախորդ օրը՝ հունիսի 4-ին, որը նույնպես կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից։ 

Քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: