ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերանդին չենք վերցնելու, ամեն ինչ հնձենք, շանս ենք տալիս, որ խնդիրները լուծեն. Փաշինյան

Գերանդին չենք վերցնելու, ամեն ինչ հնձենք, շանս ենք տալիս, որ խնդիրները լուծեն. Փաշինյան

Վեթինգի վերաբերյալ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քննարկման ժամանակ նախարարն ասաց, որ դատական համակարգի բարեփոխումների համար ստեղծվելու է Գնահատման հանձնաժողով, որը հետեւելու է, թե դատավորի կողմից որքանով են պահպանվում ողջամիտ ժամկետները, դատական ակտերն արդյոք հիմնավորվածության չափանիշներին համապատասխանո՞ւմ են, արդյոք դատավորի կողմից պահպանվո՞ւմ են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները: Դրա հիման վրա վարվելու է դատավորների առաջխաղացման ցուցակը, որոշելու են վերապատրաստման դասերը։

Նա, մասնավորապես, նշեց. «Լինելու է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամներից, որոնք պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Նրանցից 3-ը դատավոր են, իսկ 3-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Սա միտումնավոր է արվում, որպեսզի պրոցեսը թափանցիկ լինի։ Գնահատման հանձնաժողովը հիմա կարգապահական վարույթ կարող է հարուցել, սակայն իր առաքելություն դա չի»:

Փաշինյանը հետաքրքրվեց, որ եթե ֆիքսում են, որ դատավորը նախկին դատավճիռներում խախտումներ է արել, ի՞նչ է արվելու այդ դեպքում, ինչին ի պատասխան՝ Բադասյանը նշեց, որ եթե չեն անցել վաղեմության ժամկետները, իսկ տարբեր խախտումների դեպքում տարբեր վաղեմության ժամկետներ են, դատավորն իրավունք ունի դիմելու Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցել եւ դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ։

Բադասյանն ասաց. «Եթե հիմա պետք է դիմեն Արդարադատության նախարարին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար կամ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի իրավանախորդին, եւ եթե ինքը չունի դիմում, ապա իրավասու չէ որեւէ հարց քննարկել դատավորի կարգապահական պատասխանատվության հետ կապված, ապա Գնահատման հանձնաժողովը եթե տեսնում է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումներ դատավորի կողմից, ապա ինքն իրավունք ունի այդ գործը փոխանցել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին»։

Նախարարը չբացառեց այն, որ փորձը կարող է հաջողություն չունենալ: «Որեւէ մեկը չի խոսում 100 տոկոս հաջողված փորձի մասին։ Կարող ենք բոլոր փորձերը հաշվի առնելով՝ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ եւ հաջողված, ամատարած վեթինգի համակարգ դնել, որն անխուսափելիորեն ռիսկեր է պարունակելու», ասաց նա՞

Փաշինյանն էլ վստահեցրեց, որ գերանդին չեն վերցնելու եւ հնձեն ամեն ինչ: «Մենք համակարգերին շանս ենք տալիս, որպեսզի իրենք այդ խնդիրները լուծեն։ Եթե ամեն ինչ գնա հենց այդպես, արդյունքում կունենանք անկախ համակարգ»,-նշեց նա:

  • Կիսվել: