ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը դիմելու է դատախազություն

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը դիմելու է դատախազություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը այսօր դիմելու է դատախազություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքում  Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ:

VERELQ-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը տեղեկացրեց, որ  ներկայացանելու են հանցագործության մասին հաղորդում, պահանջելու են հարուցել քրեական գործ.

««Հայկական ժամանակ», «Անհերքելի փաստեր» էջում և մի քանի այլ կայքերում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ 1979 թվականի դատավճիռն էր հրապարակվել ամբողջ ծավալով, որը պարունակում է քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներ (Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը): Սահմանադրությամբ հստակ նշված է, որ դռնփակ անցկացվող դատական նիստերը և դրանց եզրափակիչ որոշումները հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա:

Բացի այս, Ծառուկյանի փաստաբանական խումբը նաև 308 հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) խնդիր է տեսնում: Համացանցում տարածված նյութերից հասկանալի է դառնում, որ դրանք վերցված են քրգործի արխիվից, ինչը նշանակում է, որ այն չէր կարող հասանելի լիներ երրորդ անձի, եթե ինչ-որ պաշտոնատար անձ կամ անփութություն, կամ պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ չտար.

«Պատրաստում ենք հերքման պահանջ ներկայացնել այն լրատվամիջոցներին, որոնք հրապարակել են այդ տեղեկությունը՝ տեղեկատվությունն ամբողջական չի եղել, արդարացման վերաբերյալ որևէ բան չի հրապարակվել։ Իրավական գործընթացները չեն ուշանա, անթույլատրելի բաներ են տեղի ունենում»,- հավելեց նա։

  • Կիսվել: