հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների մասին որոշումը կհրապարակվի վաղը

Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների մասին որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքների քննությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

«Դատական նիստն ավարտվեց։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները։ Դատարանի կողմից բավականին խորը հարցեր կային երկու կողմերին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը, ժամը դեռ հստակ չի»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։

Մյուս բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ  ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։

  • Կիսվել: