հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանն այսօր՝ հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, իսկ Խաչատրյանի պաշտպանը միջնորդել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց։

Պաշտպանը նշեց. «Սա մի քիչ ուշացած, բայց նաեւ արդարության առումով շատ ճիշտ որոշում էր դատարանի կողմից կայացված։ Մենք այնպես չէ, որ խոսում ենք միայն վատի մասին, մենք արձանագրում ենք նաեւ լավը, իրականում, դատարանը համարձակ եւ օրինական որոշում կայացրեց այդ մասով»: Նա միեւնույն ժամանակ ընդգծեց, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկային.

Մակինյանն ասաց. «Կարող ենք արձանագրել, որ Կարեն Խաչատրյանը շուրջ 5 ամիս գտնվում է կալանքի տակ։ Առաջին օրվանից սկսած մենք բոլոր փաստարկները ներկայացրել էինք, եւ հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա»։

Նշենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Հիշեցնենք նաեւ, որ միեւնույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

  • Կիսվել: