երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը մերժվել է

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը մերժվել է

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, նախորդ շաբաթ  մերժել  է Երևանի նախկին քաղաքապետ, նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող  Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը։ Վերջինս պատասխանել է Գագիկ Բեգլարյանի մեղադրանքի վերաբերյալ մեր հարցերին։

-Պարո՛ն Անանյան, ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Գագիկ Բեգլարյանը յուրացրել է 233.470.000 դրամ արժողությամբ՝ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը մի քանի ապօրինի գործողությունների միջոցով։ Դրանցից առաջինն, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության այն է, որ ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման եւ այլ մանկապարտեզին միացման գործընթացը։

- Ավագանու որոշումը, ըստ ԱԱԾ-ի ապօրինի է, որովհետև ավագանու անդամ Դավիթ Դավթյանը Հայաստանում չգտնվելով՝ մասնակցել է ավագանու նիստին։ Ըստ ԱԱԾ-ի՝ եթե Դավթյանը չի մասնակցել նիստին, ուրեմն ավագանու նիստի արձանագրությունը կեղծ է։ Ես առաջին ատյանի դատարանում հիմնավորել եմ, որ Դավթյանը Հայաստանի Հանրապետությունում է եղել, որ ԱԱԾ-ի կողմից նրա սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքը խոտան փաստաթուղթ է, ներկայացրել եմ Դավիթ Դավթյանին փաստաբանական հարցման ենթարկելու արձանագրությունը, ինչպես նաև նրա նախկին անձնագրի բնօրինակը, որը գործել է մինչև 2011  թվականը։ Անձնագրում առկա նշումների համաձայն՝ նա եղել է Հայաստանում, դրանում առկա գրառումների համաձայն՝ նա չի ունեցել այլ համարի անձնագիր, ինչպես նշվում է ԱԱԾ-ի սահմանահատումների տեղեկանքում։ Ակնհայտ է, որ ԱԱԾ-ի սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում սխալմամբ տվյալներ են լրացվել, դրանում ուրիշ համարի անձնագիր էր նշված։  Առաջին ատյանի դատարանն այս հանգամանքը գնահատել ու դուրս է մղել մեղադրանքի ծավալից, և այլ ապացույց չգտնելով՝  Բեգլարյանին կալանավորելու հիմքում դրել  է ավագանու մեկ այլ որոշում, որը մեղադրանքի ծավալից դուրս է։

-Ի՞նչ որոշման մասին է խոսքը։

-Առաջին ատյանի դատարանը Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով, որ, իբր, 2009 թվականի դեկտեմբերին կայացված թիվ 55 որոշումն ավագանու կողմից կարծես չի ընդունվել, առկա չէ քվերակության արձանագրությունը, բայց Գագիկ Բեգարյանն, ով այն ժամանակ քաղաքապետ էր, ստորագրել է այն (թիվ 55 որոշումը վերաբերում է Երևան քաղաքի սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրին-հեղ):

Ես վերաքննիչ դատարան եմ ներկայացրել իմ իրավաբանական օգնության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանցից պաշտոնապես ստացված ապացույցներ, որ ավագանու որոշումն ընդունվել է, ներկայացրել եմ տվյալներ այն մասին, թե ավագանու քանի՞անդամ է մասնակցել նիստին, անգամ նիստի արձանագրությունն եմ ներկայացրել դատարան։ Այդ ապացույցներից նույնիսկ քննիչն անակնկալի եկավ, դրանց պատճենը խնդրեց, որովհետև չուներ գործում։ Վերաքննիչ դատարանն ընդունեց այդ ապացույցները, բայց, այնուամենայիվ, մերժեց իմ բողոքը։ Վերաքննիչ դատարանի որոշումից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանը խախտում է արձանագրել առաջին ատյանի որոշման մեջ՝ հաստատելով մեր պնդումը,որ վերջինս դուրս է եկել մեղադրանքի սահմաններից՝ 2009 թվականի թիվ 55 որոշման մասով, սակայն իր հերթին ապացույց է դիտարկել Դավիթ Դավթյանի սահմանահատումների խոտան տեղեկանքը, որը իրավացիորեն ապացուցների ցանկից հանել էր առաջին ատյանը։ Վերաքննիչ դատարանը մեր շատ փաստարկներ չի քննարկել՝ նշելով, որ դրանք շատ խորն են՝ ներկա փուլում քննարկելու համար: Մի խոսքով՝ դատարանները իրենք էլ չգիտեն՝ ինչ անել Գագիկ Բեգլարյանի կալանքի հարցով, ԱԱԾ միջնորդության ձեռքը «կրակն են ընկել»։

-ԱԱԾ-ի հաղորդագրության երկրորդ դրվագը վերաբերում է 2009 թ. մարտի 16-ին Գագիկ Բեգլարյանի որոշմամբ 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը փոփոխելուն եւ այն ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելուն՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Ինչո՞ւ է վերը նշված տարածքի գործառնական նշանակությունը փոխվել։

-Այդ տարածքի գործառնական նշանակությունը չի փոխվել։ Դեռևս կառավարության 1997 թվականի մարտի 13-ի թիվ 42  որոշմամբ՝ այդ գույքը՝ մանկապարտեզի կողմից օգտագործվող տարածքը, փոխանցվել է տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող Կենտրոն համայնքին՝ որպես ոչ բնակելի հասարակական տարածք։ Այսինքն՝ այդ գույքը երբեք կրթական նպատակային նշանակության տարածք չի եղել, ոչ էլ եղել է բնակելի, այն եղել է ոչ բնակելի հասարակական տարածք։

-Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ 2009 թվականի մարտի 16-ին այդ տարածքի վերաբերյալ կայացնել մի որոշում, դրան տալ մի գործառնական նշանակություն, որը դեռեւս 1997  թվականին էր տրվել։

-Մարտի 16-ին փոխվել է մի շարք գույքերի նպատակային նշանակություններ, որոնց կարող էին օտարվել կամ օգտագործման հանձնվել։ Այս գույքը նույնպես ներառվել է նրանց մեջ, բայց պատահաբար։ Կրկնում եմ, դրա նպատակային նշանակությունը եղել է ոչ բնակելի նպատակային տարածք և մարտի 16-ի որոշմամբ դարձյալ դրա նպատակային նշանակությունը ֆիքսվել է որպես ոչ բնակելի հասարակական տարածք։ Ասում են, որ կրթության մասին օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ պետական կրթական նշանակություն ունեցող գույքի օտարումը կարող է ծառայել միայն կրթական նպատակի։ Մենք ասում ենք, որ դա կրթական նշանակության գույք չի եղել, այն եղել է թաղապետարանի գույք, իսկ կրթական հաստատությունը պարզապես օգտագործել է այդ տարածքը։

-ԱԱԾ-ն հայտնում է, որ վերը նշված գույքն ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետեւ, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն: Ինչո՞ւ է անհամարժեք հատուցմամբ օտարվել գույքը։

- Ավագանու՝ վերևում նշված թիվ 55 որոշման մեջ սահմանվել են գույքերի օտարման ընթացակարգեր, և այս գույքն օտարվել է գնահատող լիցենզավորված կազմկերպության կողմից գնահատված  արժեքի սահմաններում։

Ո՞ր լիցենզավորված կազմակերպության մասին է խոսքը։

-Չգիտեմ լիցենզավորված կազմակերպության անունը, բայց փաստաթղթերում գրված է, որ գույքի արժեքը գնահատված է լիցենզավորված կազմկերպության կողմից, և այդ կազմարպության գործունեության նկատմամբ որևէ անօրինական ազդեցության հանգամանք քրեական հետապնդման մարմինները չեն հիմնավորել և իմ կարծիքով՝ չեն էլ հիմնավորի, քանի որ այդպիսի ազդեցություն չի եղել, դա պնդում է նաև Գագիկ Բեգլարյանը։

-Պարոն Անանյան, արդյունքում վերը նշված տարածքի սեփականատերն այսօր Գագիկ Բեգլարյանի որդին է։ Կհայտնե՞ք, թե ինչպես ստացվեց, որ Գագիկ Բեգլարյանի հայրը որոշեց գնել քրեական գործով հետաքրքրության առարկա հանդիսացող տարածքը, որի սեփականատերը հետագայում դարձավ  Բեգլարյանի որդին։

-Եկեք հասկանանք, թե Գագիկ Բեգլարյանն ի՞նչ անօրինական արարք է կատարել։ Կարող եմ ասել հետևյալը․ եթե անգամ Գագիկ Բեգլարյանի հայրն ի սկզբանե գներ այդ տարածքը, այլ ոչ թե այն գներ մեկ այլ անձից, ում այն օտարվել էր, այդտեղ որևէ իրավական խնդիր  չկա։

-Գագիկ Բեգլարյանն այն ժամանակ Երեւանի քաղաքապետն էր։ Թամանյան փողոցում  228 քմ տարածքը 23 մլն դրամով օտարելը համարել է նորմա՞լ։ Դա իր համար ցածր գին չի՞ եղել, եթե անգամ լիցենզավորված կազմակերպությունն այդքան էր գնահատել գույքը։

-Խոսքը վերաբերում է 2010  թվականին գույքի օտարման մասին։  Թե 2010 թվականին ձեր կողմից նշված հասցեում կիսանկուղային տարածքն ինչ արժեր, ես մանագետ չեմ, որ պատասխանեմ։ Բեգլարյանը ևս դա չի կարող գնահատել։ Նույն թվականին հարյուրավոր գույքեր են գնահատվել, ինքն ինչպե՞ս կարող է ասել, թե որ գույքն ինչ արժե։ Եթե անգամ անհամարժեք հատուցմամբ է օտարվել, ապա օտարվել է ավագանու որոշմամբ, հատուցման գինը Գագիկ Բեգլարյանը չի որոշել, այլ լիզենզավորված կազմակերպությունը։ Իսկ լիզենզիան տալիս է պետությունը՝ որոշակի չափանիշների հիման վրա։

-Պարոն Անանյան, այժմ ի՞նչի հիման  վրա է քննություն իրականացնող մարմինն ասում, որ ոչ համարժեք հատուցմամբ է գույքն օտարվել։ Նոր գնահատո՞ւմ է արվել։

-Այժմ նույն գույքը 233 մլն դրամ է գնահատվել փորձագիտական կենտրոնի կողմից։ Ես չեմ ցանկանում ասել, որ ինչ- որ մեկն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, բայց կարող եմ ասել, որ վերջին շրջանում տենդենց է նկատվում, որ մի շարք գործերով գույքներն անհամաչափ բարձր են գնահատվում։ Ես չգիտեմ՝ դա ինչով է պայմանավորված՝ անզգուշություն է,  դիտավորություն, չեմ ցականում գնահատել, բայց շատերն են պնդում, որ այս կամ այն տեղանքում գտնվող  գույքը կոնկրետ ժամանակահատվածում չէր կարող գնահատվել այնքան, որքան հիմա է գնահատվում։

-Գագիկ Բեգլարյանն այս պահին որտե՞ղ է գտնվում։

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել, թե նա որտեղ է գտնվում։

-Ինչ նպատակով է Հայաստանից բացակայում։

-Այս գործով պայմանավորված չէ, 2019-ի սեպտեմբերից է բացակայում Հայաստանից;

-Բուժման նպատակո՞վ է բացակայում։

 -Նաև բուժման նպատակով։

-Պատրաստվո՞ւմ է  վերադառնալ, թե ոչ

-Բնականաբար ցանկանում է վերադառնալ, իսկ թե երբ, չեմ կարող ասել, մանավանդ՝ այս համաճարակի պայմաններում։

  • Կիսվել: