ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ

Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը, գրում է Հետքը:

Պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը հատնեց, որ ցանկանում են ներկայացնել հակընդդեմ հայց։ Նրա խոսքով՝ հայցը բաղկացած է 4 մասից․

Արդյոք իրավասու մարմինը նյութաիրավական առումով պահպանե՞լ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով նախատեսված ուսումասիրություն սկսելու վերաբերյալ սահմանված կարգավորումները։

Արդյոք իրավասու մարմինը նյութաիրավական առումով կարո՞ղ էր որպես ուսումնասիրվող ժամանակահատված սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 8-ի՝ ուսումնասիրություն սկսելու որոշման նախորդող 10 տարին, ինչպես նաև մինչ ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը։

Արդյոք իրավասու մարմինը նյութաիրավական առումով կարո՞ղ էր 2021 թվականի հուլիսի 27-ին ուսումնասիրվող ժամանակահատված սահմանելու վերաբերյալ որոշմամբ ուսումնասիրության համար սահմանել ժամանակահատված՝ մինչև 1992 թվականի մայիսի 10-ը։
Արդյոք իրավասու մարմինը նյութաիրավական առումով կարո՞ղ էր ուսումանսիրության արդյուքների նախնական ամփոփման հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցել։

Փաստաբան Գևորգ Վիրաբյանն ասաց, որ իրավասու մարմինը ուսումնասիրությունը կարող էր սկսել հետևյալ 2 պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

Նախաձեռնված քրեական վարույթով անձի նկատմամբ քրեական հետապնդում պետք է հարուցված լինի օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման համար։
Պետք է առկա լինեն բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ նրան փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։
Վիրաբյանի խոսքով՝ Դատախազությունը չի ունեցել բավարար հիմքեր՝ ուսումնասիրություն սկսելու համար և չի ունեցել բավարար հիմքեր կասկածելու, որ Գագիկ Բեգլարյանին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, իսկ հարուցված քրեական հետապնդումը դեռևս բավարար չէ, որ սկսեին ուսումնասիրությունը։

Նա ասաց, որ իրավասու մարմինը պարտավոր էր իր որոշման մեջ նշել այն փաստական տվյալները, որոնք նրան թույլ են տվել մի կողմից որոշելու ուսումանսիրություն սկսելու հիմքը, իսկ մյուս կողմից հանգելու այն դատողության, որ առկա է բավարար հիմք՝ կասկածելու, որ պատասխանողին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։ Գևորգ Վիրաբյանն ասաց, որ դատախազության սկզբնական հայցը ենթակա է մերժման։

Անդրադառնալով հաջորդ հարցին՝ Վիրաբյանն ասաց, որ ըստ օրենքի՝ ապօրինի ծագում ունեցող կարող է համարվել գույքը՝ անկախ նրանից, թե ձեռք է բերվել օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո։ Միևնույն ժամանակ նա հիշատակեց, որ Սահմանադրությամբ արձանագրված է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։

Վիրաբյանն ասաց, որ Սահմանադրության այս սկզբունքի շրջանակում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում նշված է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածը ներառում է ուսումնասիրություն սկսելու որոշման պահից մինչև ուսումնասիրությունն ավարտելու ժամանակահատվածը, ինչպես նաև ուսումնասիրություն սկսելու որոշման պահից առաջ ընկած ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել 10 տարին։

«Մի կողմից սահմանվել է ուսումնսիրության իրականացման առավելագույն ժամկետ, այն է՝ 10 տարին, իսկ մյուս կողմից սահմանվել է իրավասու մարմնի կողմից ուսումնասիրության ժամանակահատվածը որոշելու սուբյեկտիվ պարտականություն»,- ասաց Վիրաբյանը։ Նա ասաց, որ դատախազությունը օրենսդրորեն սահմանափակված է կամայական ձևով ժամանակահատված ընտրելու հնարավորությունից։

Վիրաբյանի խոսքով՝ եթե անձը պայմանականորեն կատարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով նախատեսված հակաիրավական արարք 2016 թվականին, ապա իրավասու մարմինն ունի սուբյեկտիվ իրավունք՝ ուսումնասիրելու 2016 թվականի ժամանակահատվածը, քանի որ չունի բավարար հիմքեր, որ 2016-ից առաջ ևս կատարվել է այդ հակաիրավական արարքը։

Անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ գործին՝ Գևորգ Վիրաբյանն ասաց, որ ըստ իրավասու մարմնի՝ կասկածները վերաբերել են Երևանի Թամանյան փողոցի 3-րդ շենքին, և Բեգլարյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2008 և 2010 թվականներին։

«Սա նշանակում է, որ իրավասու մարմնի կողմից ուսումնասիրություն սկսելու պահին դատախազությունն ունեցել է բավարար հիմք ենթադրելու, որ կարող է որպես ապօրինի ծագում ունեցող գույք դիտարկվել բացառապես Թամանյան փողոցի 3-րդ շենքը»,- ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ իրավասու մարմինը կարող էր ուսումնասիրել 2010 թվականի ժամանակահատվածը։ «Իրավասու մարմինը ուսումնասիրությունը սկսելու մասին որոշում կայացնելիս կարող էր նախորդ 10 տարին, ինչպես նաև մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը ներառել միայն այն դեպքում, եթե հիմնավորեր հանգամանքների, ուսումնասիրություն սկսելու հիմքի, կասկածի և ուսումնասիրվող ժամանակահատվածի միջև պատճառահետևանքային կապը»,- ասաց նա։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանն ասաց, որ հանցավոր արարքի և ձեռք բերված գույքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունն ապացուցելու պարտականություն իրավասու մարմինը չի կրում։

Նա ասաց նաև, որ հայց ներկայացնելու հիմք են հանդիսանում ոչ միայն քրեական գործի նյութերով ձեռք բերված նյութերը, այլ նաև օպրեատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներով ստացված նյութերը։ Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանի համոզմամբ՝ հակընդդեմ հայցի վարույթ ընդունելը ենթակա է մերժման։

Դատավոր Նարինե Ավագյանն ասաց, որ հակընդդեմ հայցի վարույթ ընդունելու հարցը լուծելու հիմքով դատական նիստը հետաձգում է։ Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում է Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 դրամ,

10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,

8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 դրամի չափով,

882.745.274,9 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,

3.317.008.604 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

  • Կիսվել: