երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆրանսիան պատրաստակամ է համագործակցությունն ընդլայնելու ՆԳՆ-ի հետ. Վահե Ղազարյանն ընդունել է դեսպան Դըկոտինյիին

Ֆրանսիան պատրաստակամ է համագործակցությունն ընդլայնելու ՆԳՆ-ի հետ. Վահե Ղազարյանն ընդունել է դեսպան Դըկոտինյիին

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։
 
Նախարարն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում անվտանգ, ազատ, արժանապատիվ ապրելու իրավունքից և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի տակ բռնագաղթել են Հայաստանի Հանրապետություն:
 
Վահե Ղազարյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունը ևս անմիջականորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների ապահովման աշխատանքներում։ Նախարարը բարձր գնահատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին:
 
Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ իր հերթին նշել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
 
Նա հատուկ անդրադարձ է կատարել օրեր առաջ ԵՄ շրջանակներում Հայաստանում անցկացված HOPE-2023 լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին և ընդգծել Ֆրանսիայի ակտիվ մասնակցության մասին։
 
Արտակարգ և լիազոր դեսպանը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու մասին։
 
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: