հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել որևէ որոշման համար, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան

Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել որևէ որոշման համար, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պնդումներին, թե ՄԻԵԴ-ի վերջին որոշմանը, որով մերժել էր ՍԴ արդեն նախկին երեք դատավորների եւ Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ «միջանկյալ միջոց» կիրառելու վերաբերյալ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել այս կամ այն որոշման համար, ապա ինքն այդ մարդկանց ցանկում չէ, եւ իրեն հետաքրքիր է այդ մարդկանց կարծիքը, թե ինչ եղանակով են պատկերացնում այդ ճնշումները:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել, կամ կասեցվեին, կամ չիրականացվեին: Նույնիսկ առարկան այդքան պարզ չէր: Ես կարծում եմ՝ իրենք մեկնարկային այնպիսի բարդ իրավիճակում էին, եթե իրենց նպատակը դրան հասնելն էր, դա իմ կարծիքով հնարավոր չէր, եւ արձանագրվեց նման որոշում:

Բնականաբար, խոսքը միջանկյալ միջոցի մասին էր, իրենց դիմումը դեռ սահմանված ընթացակարգերով կանցնի, կքննարկվի: ՄԻԵԴ-ի որոշմամբ եւս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ ՍԴ մոդելը կյանքի կոչելու պրոցեսը առաջին փուլով ավարտված է, երկրորդ փուլով կավարտվի, երբ սահմանադրական մարմինները ՍԴ դատավորի թեկնածուներ կառաջադրեն եւ նրանք կընտրվեն ԱԺ-ի կողմից»:

Անդրադառնալով հարցին, թե՝ եթե ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, որ ՍԴ նախկին դատավորները պետք է վերականգնվեն իրենց պաշտոնում, ինչպես է խնդիրը լուծվելու, քանի որ արդեն ընտրված կլինեն նոր դատավորներ, նախարարը պատասխանեց, որ շտապել պետք չէ, պետք է սպասել գործընթացների զարգացմանը:

 «Որեւէ մեկը չի կարող ասել, թե ՄԻԵԴ-ն ինչ որոշում կարող է կայացնել, կամ եթե արձանագրի կոնվենցիայի խախտում, ապա որ հոդվածի մասին կլինի խոսքը եւ այլն: Մեր սահմանադրական փոփոխությունները հստակ են, նոր դատավորները կընտրվեն, ՍԴ կազմը կամբողջանա:

Ես այդ առումավ որեւէ մեկնաբանություն չեմ տա: Իմ դիտարկումները, ուսումնասիրությունները, նաեւ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, նման եզրահանգման հնարավորություն չեն տալիս»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն էր հայտարարել, որ ՄԻԵԴ-ի այդ որոշումը կայացնելու նախորդ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ հանդիպել էր ՄԻԵԴ-ի նախագահի հետ, ինչը մտորելու տեղիք է տալիս:

  • Կիսվել: