հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե Արթուր Դանիելյանը առաջարկ ունի, թող գրավոր ձևակերպի, ուղարկի․ Ալեն Սիմոնյանի փաստաբան

Եթե Արթուր Դանիելյանը առաջարկ ունի, թող գրավոր ձևակերպի, ուղարկի․ Ալեն Սիմոնյանի փաստաբան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը չեն քննարկել Արթուր Դանիելյանի «հրադադարի» մասին հայտարարությունը։

«Այդ հայտարարությանը ծանոթ ենք, կարդացել ենք, բայց եթե Դանիելյանը առաջարկ ունի, թող գրավոր ձևակերպի ուղարկի, մենք ամեն ֆեյսբուքյան հրապարակում չենք քննարկում», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ են մտածում Դանիելյանի առաջարկության վերաբերյալ։ Մեր հարցին, թե Դանիելյանի հայտարարությունը չի՞ դիտվում որպես պաշտոնական ձեռքմեկնում, փաստաբանը արձագանքեց․

«Նա պաշտոնատար անձ չէ, և մենք չենք կարող դա համարել պաշտոնապես ներկայացված առաջարկ։ Այդ ի՞նչ առաջարկություն մենք պետք է քննարկենք, որը հերքում է Արթուր Դանիելյանի կատարած խուլիգանությունը»։

Մեր դիտարկմանը, թե նա արդեն գնահատական է տալիս Դանիելյանի կատարած արարքին, փաստաբանը արձագանքեց․ «Բա ես փաստաբան եմ, դա դասագրքային բնորոշմամբ խուլիգանություն էր»։

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում օրերս ծեծկռտուկ էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև։ Ըստ Սիմոնյանի պատմածների, Դանիելյանը հայհոյել էր իրեն, ինքն էլ հարվածներ էր հասցրել նրան։ Ըստ դատաբժիշկների, Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել, իսկ Դանիելյանի քիթն էր կոտրվել։

Դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստման գործընթացն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը։ ՀՔԾ լրատվական բաժնից InfoPort.am-ին փոխանցեցին, որ միջադեպի փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել։

Միջադեպից հետո Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ինքը «հակառակորդի հետ հրադադար» կկնքի մի քանի դեպքում, օրինակ՝ հրապարակային կհայտարարվի, որ կազմակերպվել է ֆեյքային հարձակում, հանձնարարվել է չմտնել բովանդակային քննարկման մեջ և բավարարվել միայն սեռական հայհոյանքներով, իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին և այլն։

  • Կիսվել: