ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը. Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին

Առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը. Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպին:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։

Գրառումը մասմաբ՝ ստորև:

«Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի անգամ փրկել է, բայց ի տարբերություն ինձ իր որդիները ստիպված չեն ամեն օր քնել այն գիտակցությամբ, որ իրենց հորը վնասում են իրենց սկզբունքների ու քայլերի պատճառով, էդ մի բեռը իրենց ուսերին չկա: Ինձ էս ամեն ինչը շատ ավելի է զզվացրել, քան որևէ մեկին: Իմ անձը մի կողմ դնելով` նաև պետք է ֆիքսենք, որ անդունդ ենք գլորվում բոլորով: Կանխատեսված ու օրինաչափ անդունդ է, բայց դրանից ոչ պակաս սարսափելի: Ըստ այդմ, ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը: Ստեղ խոսքը ներել, չներելու մասին չէ: Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ներել, չներելու իրավունք ունենք: Չէ´, ուղղակի եկեք մեղքեր խոստովանենք: Ընդ որում, շատ կոնկրետ, ակնհայտ ու անհերքելի մեղքեր:

Ես կգնամ հրադադարի, եթե հակառակորդը հայտարարի, որ՝

- երկու տարի շարունակ իր պատվերով ու գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են ֆեյքային բազմահազարանոց բանակների հարձակումներ, որոնց նպատակն էր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ատելություն սերմանելը.

- հստակ հանձնարարական էր տրվել չմտնել որևէ բովանդակային քննարկման մեջ ու սահմանափակվել սեռական բնույթի նենգագույն վիրավորանքներով.

- իրական կյանքում հովանավորվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ հարձակումները և դա է պատճառը, որ ոչ Մարալիկի, ոչ «Ռեստարտի», ոչ «Հայելու», ոչ էլ բազմաթիվ այլ դեպքերի առթիվ մեղավորները որևէ պատիժ չեն կրել.

- իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին` վերջիններիս հանրության աչքերում ստորացնելու ու բարոյազրկելու նպատակով.

- քարոզիչներին հանձնարարվել էր ինձ և իմ ընկերներին զրպարտել` մեր աֆիլիացիաների ու մոտիվացիաների վերաբերյալ մտացածին մեղադրանքներ ու շահարկումներ հնչեցնելով և տարածելով:

Մեղքերի իրական ցուցակը շատ ավելի երկար է, բայց հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից: Ընդգծում եմ՝ ես ՉԵՄ պահանջում դատել, պատժել և այլն: Ընդամենն ասում եմ` ընդունե´ք, որ դուք եք այս ամենը հրահրել: Ընդունե´ք, խոստովանե´ք ու ապաշխարե´ք: Եղեք անկեղծ ու թեմաները փակենք: Հաշվի առեք, որ ըստ ամենայնի այլևս նման հնարավորություն չեք ունենա:

Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կամ պիտի «նստի», կամ պիտի պառկի: Դուք որոշեք: Ընդ որում, շատ արագ պիտի որոշեք: Հաշված օրերի ընթացքում»:

  • Կիսվել: