չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եթե արարքն ապաքրեականացվում է, քրեական գործը ենթակա է կարճման. Վարդանյան

Եթե արարքն ապաքրեականացվում է, քրեական գործը ենթակա է կարճման. Վարդանյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը, ասաց. ՛՛Եթե դուք հիշում եք նախագծի քննարկումները 7-րդ գումարումում, ապա մենք հենց Սահմանադրական դատարանի որոշման վրա, ատելության խոսքի բարձր մակարդակի վրա ասում էինք՝ դա որպես ժամանակավոր միջոց ենք կիրառելու, որպեսզի քիչ թե շատ վիճակը շտկվի՛՛: 

Նա նաև հավելեց. ՛՛Հուսամ, որ այս կարգավորումները և քրեական գործերի առկայությունը և այն, որ ըստ էության որոշակի կանխարգելում իրականացվեց և ատելության խոսքը չբարձրացավ այդ բարձր մակարդակի, մեզ հնարավորություն կտա, և քաղաքական ուժերի խոհեմությունը հաշվի առնելով և այն, որ ըստ էության, հայհոյանքը մշտապես եղել է, կա և շարունակվելու է մնալ որպես տաբու հայկական հասարակության մեջ և հաշվի առնելով այն, որ մենք, ըստ էության, փորձեցինք այդ ամենածայրահեղ փուլում քրեականացնել այն երևույթը, որը լրջագույն խնդիրներ էր առաջացնում՛՛:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե ընթացքի մեջ գտնվող գործերն ինչ պետք է լինեն օրենքի ապաքրեականացումից հետո, Վարդանյանը պատասխանեց, որ եթե արարքն ապաքրեականացվում է, ապա քրեական գործը ենթակա է կարճման:

՛՛Կար բավականին բարձր մակարդակ, հայհոյանքը դարձել էր արդեն քաղաքական խոսույթի մաս, անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել՛՛,- նշեց նա:

Վարդանյանը հավելեց, որ ո՛չ Եվրոպական դատարանը, ո՛չ որևէ միջազգային ստանդարտ չի կարող ընդունել հայհոյանքը որպես խոսքի ազատության անթույլատրելի սահմանափակում։ ՛՛Ոչ մի միջազգային ճնշում չի եղել, սպասում ենք ՍԴ որոշմանը: Մենք նախագծի քննարկման ժամանակ ասում էինք, որ այն որպես ժամանակավոր միջոց ենք կիրառելու, որպեսզի ատելության խոսքի հետ կապված իրավիճակը շտկվի՛՛,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար:

 

  • Կիսվել: