երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ. Շիրինյան

Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ. Շիրինյան

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն այսօր բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, քանի որ նախորդ տարվա օգոստոսի 26-ին, ըստ կասկածանքի, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից հափշտակել է սրճեփ սարք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:

Նա նշեց, որ նախորդ տարի գործը հարուցվել էր, սակայն կասեցվել է հանցանքը կատարած անձի անհայտ լինելու հիմքով: ՛՛Այսօր Ոստիկանությունից Քննչական կոմիտե գրություն են հասցեագրում, որ սարքը հնարավոր է գողացված լինի մեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից:

Պարոն Շիրինյանին հարցաքննեցին վկայի կարգավիճակով, մենք տվեցինք ցուցմունքներ, որ տեղյակ չենք սրճեփից, ոչ էլ Գետաշեն գյուղի գտնվելու վայրից: Հետաքրքիր է, թե ինչ օպերատիվ աշխատանքներ են կատարել ոստիկանները, որի արդյունքում ստացել են այս տվյալները: Մենք գնալու ենք դրա հետեւից: Ես կարծում եմ, որ նման բաները հորինում են լրացուցիչ նեղություն տալու համար: Ռեպրեսիաներ են, եւ սա ժամանակի ընթացքում ազդելու է ողջ բնակչության վրա՛՛,ասաց փաստաբանը::

Ինքը՝ Շիրինյանը, իրեն բերման ենթարկելու պատճառը ծիծաղելի եւ միաժամանակ վիրավորական որակավորեց:

՛՛Վահե Ղազարյանը եւ իր աշխատակիցներն այնքան տգետ են, որ գործ սարքել էլ չգիտեն: Շիրինյանն ո՞ւր, Մարտունիում սրճեփի գողությունն ո՞ւր: Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ: Դուք ինձ կարող էիք կանչել, զանգել, այդ շոուն ո՞րն է՛՛,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սայաթ Շիրինյանը գողության կասկածանքով բերման է ենթարկվել:

 

  • Կիսվել: