շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում. ՍԴ դատավորը՝ ԱԺ ներկայացուցչին

Երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում. ՍԴ դատավորը՝ ԱԺ ներկայացուցչին

ԲԴԽ անդամներին չեք նշանակում, նոր ասացիք՝ Վերաքննիչ պալատի անդամին չեք նշանակում. երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում։ Այս մասին այսօր ՍԴ նիստի ժամանակ ԱԺ ներկայացուցչին դիմելով ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։

Նա հարցրեց. «ԱԺ-ն սահմանադրական պատասխանատվություն կրո՞ւմ է, որ իր ՍԴ պարտականությունները չի կատարում» ։

Ինչպես նշեց ԱԺ ներկայացուցիչը՝ յուրաքանչյուր պետական մարմին իր սահմանադրական լիազորությունները չիրականացնելու դեպքում կրում է համապատասխան պատասխանատվություն։ Նա ասաց. «ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը կատարել։ Այդ պատճառով էլ Սահմանադրության մեջ նախատեսված է մի դրույթ, որը վիճարկվում է։ Եթե որոշ դեպքերում անհնարինությունից ելնելով ոչ համաձայնության գալով հնարավոր չի եղել ընտրել սահմանադրական մարմին ժամանակավոր այդ հարցի լուծումը տրվել է նախագահին, մինչև կգան ընդհանուր հայտարարի» ։

ՍԴ դատավորը շեշտեց, որ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչու չի նշանակում նախագահը. նա Ժ ներկայացուցչին խորհուրդ տվեց. «Լավ իմաստով ես Ձեզ մի խորհուրդ էլ տամ, կան երկրներ, որոնք երբ պաշտոններին չեն կարող նշանակել, նկատի ունեմ քաղաքական մարմիններին, այնքան ժամանակ մինչև նոր նշանակում չանեն»։

ԱԺ ներկայացուցիչն էլ նշեց, որ որ քաղաքական և իրավական մարմինների պաշտոնների նշանակման միջև էական տարբերություններ կան. «Քաղաքական մարմինների դեպքում, եթե նախարարին հանեն, նրա տեղակալը կփոխարինի նրան։ Իսկ նշված մարմինները, օրինակ ԲԴԽ անդամը փոխարինող անձ չունի»։

Հիշեցնենք, որ նախագահի կողմից վիճարկվում են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

  • Կիսվել: