շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկար քննարկումներից հետո ԱԺ-ն ընդունեց կալանավորվածներին տեսակցելու իրավունքին առնչվող օրենքի նախագիծը

Երկար քննարկումներից հետո ԱԺ-ն ընդունեց կալանավորվածներին տեսակցելու իրավունքին առնչվող օրենքի նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ անարգել տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ սահմանված է տեսակցության արգելք:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրեր այցելության իրավունք ունեն մի շարք սուբյեկտներ՝ այդ թվում նաև ԱԺ պատգամավորը և նախագահը: Սակայն իրավակիրառ պրակտիկայում խնդիրների առաջ են կանգնում:

«Այդ հիմնարկներ այցելության ժամանակ հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, բայց չի թույլատրում շփվել պահվող անձանց հետ՝ պատճառաբանելով, որ հոդվածում գրված է միայն մուտքի ու ելքի հնարավորության մասին: Առաջարկվում է՝ օրենքում ֆիքսվի, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի սահմանափակել 48-րդ հոդվածում նշված անձանց` պատգամավորների, նախագահի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, վարչապետի և այլնի տեսակցության իրավունքը:  Բացառություն է սահմանվում, որով այդ անձինք չպետք է տվյալ գործով շահագրգռվածություն ունենան, օրինակ` վկա լինեն»,- ասաց նա։

Նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կոչ արեց մերժել նախագիծը, քանի որ գործող օրենսդրությամբ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց: «Խնդիրն առաջանում է միայն այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ տեսակցելու սահմանափակում է դրված լինում, բայց այս նախագիծն այս հարցը չի կարգավորում»,- նշեց նա:

ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ պատգամավորներն անարգել տեսակցել են մինչև այն պահը, երբ ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը մեծացել է և արդարադատության մի նախարար սկսել է մեկնաբանել, որ իրավունք չունեն, քանի որ քննիչի արգելք կա:

«Եվ այդ ժամանակ հստակեցման խնդիր առաջացավ, և նախաձեռնություն բերվեց, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր՝ «Ելք» դաշինքի ժամանակ: Պատգամավորներն ունեն անարգել մուտքի իրավունք, ունեն անարգել հանդիպելու իրավունք: Սակայն օրենքը Արդարադատության նախարարության կողմից մեկնաբանվում է այնպես, որ քննիչի արգելքի դեպքում չեն կարող թույլ տալ: Բայց քննիչի արգելքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր կարող են ինֆորմացիա փոխանակել և դա դուրս հանել»,- ընդգծեց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ իրեն բազմիցս արգելել են մտնել քրեակատարողական հիմնարկներ:

Քննարկումներից հետո նախագիծն ընդունվեց՝ 70 կողմ, 21 դեմ և 22 ձեռնպահ ձայներով։

 

  • Կիսվել: