կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանում քեռու սպանության փաստով քրգործի նախաքննությունն ավարտվել է․ մանրամասներ

Երևանում քեռու սպանության փաստով քրգործի նախաքննությունն ավարտվել է․ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Մասնավորապես` քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 1966 թ. ծնված տղամարդու և նույն տանը բնակվող վերջինիս քրոջ որդու միջև, որի ընթացքում տղամարդը հայհոյել և փորձել է փայտի կտորով հարվածել զարմիկին, ինչից հետո վերջինս բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին: Միջադեպից հետո տղամարդը բարձրացել է տուն, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինիս քույրը եղբորը հայտնաբերել է մահացած վիճակում:

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ փորձագետի եզրակացության՝ տղամարդու մահվան պատճառը հանդիսացել է արյան սուր կորուստը, որը հետևանք է եղել կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժածի քրոջ որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

  • Կիսվել: