Երեք ժամից ավելի է՝ զոհված զինծառայողների բերման ենթարկված ծնողները գտնվում են ոստիկանությունում (ուղիղ)
Երեք ժամից ավելի է, ինչ զոհված զինծառայողների բերման ենթարկված ծնողները գտնվում են Ոստիկանության Շենգավիթի բաժնում:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը քիչ առաջ հայտնեց, որ ծնողներին տեղափոխելու են քննչական բաժին՝ քննչական գործողություններ կատարելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հավելենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ:
Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։
«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպի մասին՝ նշելով. «Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։