հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երբ դատարանը կալանքը մերժում է, նախաքննական մարմինը գրավի այնպիսի չափ է սահմանում, որ անձը չկարողանա վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա. դատավոր

Երբ դատարանը կալանքը մերժում է, նախաքննական մարմինը գրավի այնպիսի չափ է սահմանում, որ անձը չկարողանա վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա. դատավոր

Համաձայն եմ Դատախազության ներկայացուցչի հետ, որ վերջին տարիներին կալանքների հետ կապված միջնորդություններ ներկայացնելու պրակտիկան փոփոխվել է։ Մենք գրեթե չենք տեսնում ոչ մի միջին ծանրության հանցագործությունների դեպքում նման միջնորդություների ներկայացում։ Այս մասին ԱԺ-ում դատավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։

«Ի տարբերություն նախորդ տարիների, ծանր հանցագործությունների դեպքում չի ներկայացվում միջնորդություն, լայն թափ է ստացել գրավի ինստիտուտը։ Կան գործեր, երբ դատարանները քննում են դրանք` ողջամիտ կասկածը կամ կալանքի հիմքերը գնահատելու համար, և սկսվում են քննադատությունները, որ դատարանը դուրս է եկել լիազորությունների շրջանակներից, որ պետք չէ հիմնավոր կասկածին այսքան անդրադառնալ, պետք չէ այդքան խորանալ և այլն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք գնում ենք ոչ թե ողջամիտ կասկածի տիրույթ, այլ գնում ենք զուտ բավարար կասկածի տիրույթ։ Դա վկայում են ներկայացված վարույթները, Վերաքննիչ կամ Վճռաբեկ բողոքները, բողոքների բովանդակությունը։ Այո, ես ընդունում եմ, որ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է չքննարկվի, բայց լինում են դեպքեր, երբ դատարանը չի կարող ուղղակի չվերլուծել և գնահատականներ չտալ առաջադրված մեղադրանքին այն առումով, որ անձին առաջադրում են երեք մեղադրանք, բայց տեսնում ես, որ պետք է մեկ արարք որակվեր և ոչ թե մեկ արարքի համար երեք մեղադրանք, ինչպե՞ս դատարանը դրան գնահատական չտա։ Այնպիսի տպավորություն է, որ ավելի լավ է քիչ պատճառաբանել և անձը կալանավորվի, քան շատ պատճառաբանել և անձը  չկալանավորվի»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ ստեղծվել է մի այնպիսի պրակտիկա, երբ դատարանները կալանքը մերժելուց սկսում են գերպատճառաբալ իրենց դատական ակտերը, այնինչ պետք է այդ պատճառաբանությունը ներկայացվի անձին կալանավորելու դեպքում։

«Դատավորները հասկանում են, որ խոցելի են դառնում, քննադատության են արժանանալու, և սկսում են գերպատճառաբանել, թե ինչու կալանք չեն տալիս»,- նշեց դատավորը։

Դատավորի խոսքով՝ ողջունելի է, որ հնարավորություն տրվեց նախաքննական մարմիններին գրավ կիրառել, բայց, ըստ նրա՝ վատ է, երբ դատարանը դրանից զրկվեց սկզբնական կալանքի փուլի ժամանակ. «Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, երբ կալանքի միջնորդությունները ներկայացնելու դեպքում կամ դատավորը պետք է կալանքը հաստատի, կամ մերժի, այս դեպքում իրավունք չունես գրավ կիրառելու, սա խնդիր է։ Այն ժամանակ, երբ գրավի ինստիտուտով ոսկե միջին էիր գտնում, հիմա չես կարողանում, սա նահանջ է մարդու իրավունքներից։ Ես մի արատավոր պրակտիկա ևս նկատել եմ, երբ դատարանը մերժում է կալանքը, նախաքննական մարմինը այնպիսի գրավի չափ է սահմանում, որ անձը չկարողանա այդ գումարը վճարել, և կրկին կալանքի հարց առաջանա»,- ԱԺ-ում դատավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը:

  • Կիսվել: