կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ դեսպանի պաշտոնավարումը պետք է քննարկվի, նա տապալել է իր առաքելությունը Հայաստանում. Ռուբեն Մելիքյան

ԵՄ դեսպանի պաշտոնավարումը պետք է քննարկվի, նա տապալել է իր առաքելությունը Հայաստանում. Ռուբեն Մելիքյան

Մեր երկրում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ ունենք անընդունելի լռություն եվրոպական կառույցներից և այս անընդունելի լռության հետևանքներն այս խայտառակ բռնաճնշումներն են դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառավարման մարմինների, խոսքի ազատության նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԵՄ ներկայացուցչության դիմաց իրավապաշտպանների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

«Այս ամենի մեջ շատ կարևոր մեղքի ու պատասխանատվության բաժին ունեն այս մարդիկ, ովքեր Հայաստանում  ԵՄ ներկայացուցիչներն են։ Մենք մի շարք կարևոր կարգախոսով ենք նաև այստեղ եկել՝ «You are not you», որովհետև մենք չենք հավատում, այս մարդիկ իրականում ներկայացնում են եվրոպական արժեքները, այս մարդիկ բացառապես զբաղված են իշխող քաղաքական ուժի փիառով»,- ասաց Մելիքյանը։

Հարցին` ինչով կարող է պայմանավորված լինել եվրոպական կառույցների լռությունը, Մելիքյանը պատասխանեց. «Հնարավոր է՝ որոշակի քաղաքական ակնկալիքներ ունեն։ Նաև կարծում եմ՝ այդ լռությունը պայմանավորված է եվրոպական կառույցներին պատշաճ տեղեկատվություն չփոխանցելով պատվիրակության և անձամբ տիկին դեսպանի բարեխիղճ աշխատանքի դեպքում այսպես լինել չէր կարող»։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ԵՄ դեսպանը և ներկայացուցչության մյուս անդամներն անձնական պատասխանատվություն են կրում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի համար։

«Շատերը ժողովրդավարության առաջընթացի մասին են խոսում, մի բան, որ բացարձակապես անընդունելի է, մեր հավաքի նպատակը այս խնդիրները բարձրաձայնելն է և ցույց տալը, որ չենք համակերպվի այս վիճակի հետ։ Հեղինակության այն հարվածը, որ Եվրոպան այս օրերին ստանում է, չգիտեմ վերականգնվելո՞ւ է, թե՞ չէ։ Տիկին դեսպանի հետագա պաշտոնավարումը քննարկման առարկա է, որովհետև նա տապալել է եվրոպական արժեքների հետ կապված բոլոր հարցերը Հայաստանում։ Նա ստեղծել է մի իրավիճակ, որ մարդիկ արդարացիորեն մեղադրում են Եվրոպային այն խայտառակությունների համար, որ կատարվում են մեր երկրում»,- ասաց Մելիքյանը։

Ակցիայի վերջում իրավապաշտպանները պահանջագիր ներկայացրին ԵՄ ներկայացուցչությանը։

  • Կիսվել: