ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ձերբակալվածների պահման վայրերում արձանագրվել են խնդիրներ. Փոխնախարար

Ձերբակալվածների պահման վայրերում արձանագրվել են խնդիրներ. Փոխնախարար

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ, ԱԺ նիստում հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք ձերբակալվածներին պահելու վայրերի առանձնահատկությունների, ստանդարտներին համապատասխանության մասով արձանագրված խնդիրներ», - ասաց Սարգսյանը:

Մասնավորապես, արձանագրվել են որոշ խնդիրներ՝ կապված աստիճանների թեքահարթակների բացակայության մասով, կամ՝ զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված որոշակի խնդիրներ կան:

Ըստ փոխնախարարի՝ կառավարության այս որոշումը լավ առիթ է՝ վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և սահմանելու նոր ստանդարտներ:

«Ոստիկանության բարեփոխումների շրջանակում սա կարևոր ուղղություն է», - հավելեց փոխնախարարը:

  • Կիսվել: