հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ձերբակալություն Սարյան փողոցում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով

Ձերբակալություն Սարյան փողոցում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 2022 թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցը, ընդգրկված լինելով ծառայությունում և իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երևան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթևեկելի գոտին ազատելու օրինական պահանջ, ինչից հետո նույն երթի մասնակիցը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականնությունների հետ կապված բռնություն գործադրել՝ ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին:

Ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: