Դրանք զորամասեր չեն եղել, այլ ավերված շինություններ․Սեյրան Օհանյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Օտարվածը զորանոց չի եղել, այլ շահագործումից դուրս մնացած հողամաս ու ավերված շինություններ, որոնք ավելորդ ծախսեր էին պահանջում․ Սեյրան Օհանյան
ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադարձավ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդություններին՝ իրեն և պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու թույլտվության վերաբերյալ։
«Այդ միջնորդագրերի ներկայացմանը մենք չմասնակցեցինք, որովհետև կարծում ենք, որ նախ այդ բոլոր գործերի վաղեմության ժամկետն անցած է, եթե մենք ստորագրեինք, չէին լինի այդ միջնորդագրերը, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք։ Այդ գործերը շինծու են, որևէ մի շահ չենք ունեցել ու որևէ շրջանակի հետ պայմանավորվածություն չենք ունեցել։ Երկրորդ՝ չենք մասնակցել, որովհետև այս իշխանությունների համար անվտանգությունը առաջնահերթություն չէ, այն իրականացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար։ Հիմա մեղադրանքը առաջարդվել է, մենք մեր անմեղությունը կապացուցենք»,- ասաց նա։
Անդրադառնալով զորմաասի տարածքում գտնվում զորանոցի օտարմանը, Օհանյանը ասաց․
«Նախ այնտեղ զորամաս չի եղել, մի քանի անգամ զորամաս անվանելով՝ իշխանությունը փորձում է նորից շեղել հանրության ուշադրությունը։ Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս ու ավերված շինություններ են եղել։ Գիտեք, որ բանակի ձևավորման սկզբնական շրջանում ցանկացած շինություն օգտագործվել է որպես ժամանակավոր զորանոց։ ԶՈՒ զարգամանը զուգահեռ մենք ստեղծել ենք մշտական տեղակայման վայրեր, ու այդ քանդված շինությունները դուրս են մնացել։ Դրանք եղել են ավելորդ ծախսերի աղբյուր, դրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր էին իրականացվում, քան նրանց հիմնական գներն էին»։
Օհանյանը նշեց, որ դատախազի կողմից ներկայացվածը ոչ թե միջնորդություն էր, այլ մեղադրանք։