կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Դավիթ Տոնոյանի փաստաբանները պահանջում են իրենց մասնակից դարձնել մատակարարված զինամթերքի որակի փորձաքննությանը

Դավիթ Տոնոյանի փաստաբանները պահանջում են իրենց մասնակից դարձնել մատակարարված զինամթերքի որակի փորձաքննությանը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել։

«Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։

Ինչպես արդեն հաղորդվել է, փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ և ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում։

Պնդում ենք, որ անկատար փորձաքննության պայմաններում պարոն Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը և նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են:

Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը և դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը:

Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին», - ասված է հայտարարությունում։

 

  • Կիսվել: