կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դավիթ Գալստյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը իրավական բնույթ չունի. Փաստաբան

Դավիթ Գալստյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը իրավական բնույթ չունի. Փաստաբան

Հունվարի 19-ին դատավոր Շահվերդյանի նախագահությամբ տեղի կունենա այսպես կոչված «ժամկետանց և ոչ պիտանի հրթիռների» գործով դատական առաջին նիստը, որով որպես մեղադրյալ են անցնում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենք մատակարարող «Մոստոն էնջիներինգ» ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ), Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՊՆ մի շարք նախկին պաշտոնյաներ:

Ինչպես InfoPort.am-ին փոխանցեց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը, դատական նիստը դեռ չմեկնարկած արդեն գործընթացի նկատմամբ կան լուրջ վերապահումներ: «Մենք խիստ վերապահումով ենք վերաբերվում դատական գործընթացներում այսպես կոչված «գրիչով մակագրումներին»:

Համենայն դեպս, նման երևույթները խիստ կասկածելի և մտահոգիչ են»,- նշեց նա: Ինչպես պարզվեց, խոսքը այն մասին է, որ գործով դատավոր Շահվերդյանը ընտրվել է ոչ թե էլեկտրոնային համակարգի միջոցով` պատահականության սկզբունքով, այլ գործը հենց նրան է մակագրվել` գրավոր ստորագրությամբ: Անդրիկյանը նշեց, որ դատական գործընթացը արդեն իսկ սկսվում է խիստ անբարենպաստ մթնոլորտում, որովհետև մեղադրական եզրակացությունները նախաքննության ընթացքում որևէ կերպ չեն հիմնավորվել և ապացուցվել և այդպես էլ անհիմն ուղարկվել են դատարան:

«Ես կարող եմ կոնկրետ իմ պաշտպանյալի մասով ասել, Դավիթ Գալստյանի մասով մեղադրանքը որևէ կերպ չի ապացուցվել: Նրան մեղադրում են ոչ պիտանի և ժամկետանց զինամթերք մատակարարելու մեջ, բայց այդ մեղադրանքը ապացուցելու համար պետք է տեղի ունենար փորձաքննություն, որը այդպես էլ, չնայած մեր բոլոր պնդումներին, տեղի չունեցավ: Եվ այդ մերկապարանոց մեղադրական եզրակացությունը ուղարկվեց դատարան: Այս ամենը վերլուծելով` մենք գալիս ենք այն եզրահանգման, որ տեղի ունեցող գործընթացները հեռու են զուտ իրավական բնույթ կրելուց:

Ուստի ստեղծված իրավիճակում` ես առանձնապես լավատեսության հիմքեր դատական գործընթացի օբյեկտիվության մասով չունեմ: Հակառակ դրան Դավիթ Գալստյանը շատ լավատես է. նա վստահ է, որ արդարությունը և արդարադատությունը կհաղթի»,- շեշտեց փաստաբանը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ դատական գործընթացի նկատմամբ վստահությունը և հավատը կմեծանա այն պարագայում, եթե այն լինի դռնբաց: «Քանզի այն բոլոր անարդարությունները, որոնք տեղ են գտել նախաքննական փուլում, այդ թվում պայմանավորված են նախաքննության ոչ հրապարակայինությամբ:

Մենք ուզում ենք, որ դատական պրոցեսը լինի հրապարակային, բաց, որպեսզի մեր հանրությունը տեղեկանա, թե նախաքննության ընթացքում ինչպիսի անարդարություններ են տեղի ունեցել: Սակայն մտավախություն ունենք, որ գործի գաղտնիության շղարշի տակ, որոշում կկայացվի դատական նիստերը անց կացնել դռնփակ ռեժիմով»,- նկատեց փաստաբանը:

Ի պատասխան Գալստյանի առողջական վիճակի մասին մեր հարցին` Արմեն Անդրիկյանը նշեց, որ թեև իր պաշտպանյալը ունի քրոնիկ առողջական խնդիրներ, այս պահին նրա ինքնազգացողությունը վատ չէ, տրամադրությունը` առավելևս:

  • Կիսվել: