երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները. ՀՀ ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Դատավորները կկարողանան բողոքարկել ԲԴԽ որոշումները. ՀՀ ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Հայաստանյան դատավորները Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումները բողոքարկելու և նախկինում դադարեցված լիազորությունները վերականգնել հնարավորություն կունենան։ ՀՀ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախագծի նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ ԲԴԽ որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը։
 
Նա շեշտել էր, որ նախագծի ընդունումը բխում է ԳՐԵԿՈ-ի (Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմին) 2015 թվականի գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցում վերահաստատված հանձնարարականից։ Համաձայն դրա` Հայաստանի օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները։
 
Ըստ նախարարի` նախագծով առաջարկվող լուծումներն այս պահին միակ հնարավորն են՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրական կարգավորումները, ինչի մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովն իր համապատասխան կարծիքում։
 
Մինասյանի խոսքով` նախագծով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կիրականացնի ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը։
«Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված 2-ական թեկնածու։ Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն, տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով»,- նշել է նախարարը։
 
Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ։
 
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարությունը ներկայացրել է գրավոր առաջարկներ, որոնք հաստատվել են ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախագիծը լրամշակվել է։

  • Կիսվել: